Առողջ քունը օրգանիզմի եւ մտքի բարեկարգ աշխատանքի գրավականն է: Այդուհանդերձ, գործնականում դա բոլորին չէ, որ հասանելի է: Ավելի քան 50 մլն ամերիկացիներ քնի հետ կապված խնդիրներ ունեն` 7-8 ժամն ապահովել ոչ մի կերպ չի հաջողվում, հաղորդում է Medical Daily-ն:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ջանքերով իրականացված հետազոտությունների համաձայն, քնի պակասը կարող է այնպիսի հիվանդությունների հանգեցնել, ինչպիսիք սրտանոթային համակարգի խանգարումներն ու քաղցկեղն են: Մոլուցքի վերածվելու վտանգ պարունակող եւ կողմնակի ազդեցություններով հղի քնաբեր դեղահաբերին դիմելու փոխարեն «աչք կպցնելու» համար կարելի է բնական միջոցների դիմել.
1. Բանան
Այս հանրահայտ միրգը կալիումով եւ B6 վիտամինով է հարուստ: Վերջինս մեծ դերակատարում ունի մելատոնինի` քունը եւ քնի ցիկլը կարգավորող հորմոնի արտադրության գործում: Բացի այդ, բանանը հանգստացնում է մարդու մկանները, ինչը քնի լավ նախապայման է:
2. Տտիպ բալի հյութ
Եթե քնի հետ կապված խնդիրներ ունեք եւ բալ էլ չեք սիրում, նոր ճաշակ ձեւավորելու ժամանակն է: Հատկապես տտիպ բալը մելատոնինի հրաշալի աղբյուր է համարվում: Քրոնիկ անքնությամբ տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում այս մրգից պատրաստված հյութ խմել` օրական երկու բաժակ, չնայած չորացված կամ սառեցված տեսքով էլ հարմար է:
3. Հումուս
Քնից առաջ հումուս ընդունելով` կարող եք համոզված լինել, որ գիշերվա կեսին քաղցի զգացողությամբ չեք արթնանա: Այն ոչ միայն քնաբեր համարվող L-տրիպտոֆան ամինաթթու է պարունակում, այլ նաեւ` սերոտոնին, ինչը հրաշալի միջոց է` մկանները թուլացնելու համար: Նույնը կաթին է վերաբերում. այն տրիպտոֆանից բացի, քնի խթանիչ համարվող կալցիում է պարունակում:
4. Կաթնուկ
Ընթրիքին մատուցված մի կտոր կաթնուկը կօգնի ձեզ սովորականից շուտ եւ արդյունավետ քնել: Այն հանգստացնող հատկություններ ունեցող լակտուկարիում է պարունակում, որն ուղեղի վրա ափիոնի նմանությամբ ազդեցություն է թողնում: Եվ եթե մի փոքր էլ կաղամբ եւ սպանախ ավելացնեք ուտեստին` կալցիումի հարուստ պաշարով զինված հանգիստ քուն կարող եք մտնել:
5. Օղաբլիթ
Ցածր կալորիականություն ունեցող այս ուտեստը ձեր քաշի վրա չի ազդի, բայց կարող է անուշ քուն բերել` մագնեզիումի բաղադրության շնորհիվ:
6. Թյուննոս
Ընթրիքին թյուննոս համետեսելով` մեծ քանակությամբ B6 վիտամին եւ տրիպտոֆան կստանաք:
Հիշյալ «քնաբերները» հարկ է անկողին մտնելուց մեկ կամ երկու ժամ առաջ ընդունել, քանի որ սնունդը դեռ պետք է հասցնի մարսողական համակարգով անցնել` ցանկալի ազդեցություն ապահովելու համար:






