Ջոնս Հոպկինսի հիվանդանոցի գիտահետազոտական խմբի անդամները բրոկոլիի եւս մեկ օգտակար հատկություն են հայտնաբերել: Չինաստանի առավել աղտոտված շրջաններից մեկում` Ցզյանսու նահանգում իրականացված հետազոտությանը շուրջ 300 տղամարդիկ եւ կայանք են մասնակցել: Արդյունքում պարզվել է, որ բրոկոլիի ծիլերից ստացված հյութ ընդունելով, «սուլֆորաֆան» կոչվող բաղադրիչի օգնությամբ, կարելի է օրգանիզմը արագ եւ նշանակալիորեն մաքրել քաղցկեղածին նյութերից, մասնավորապես` բենզոլից եւ թոքերի գրգռում պատճառող ակրոլեինից, տեղեկացնում է NewsMax Health-ը:

«Օդի աղտոտվածությունը համալիր եւ լայն տարածում գտած առողջական խնդիր է դարձել: Խնդրին համապարփակ լուծում տալու նպատակով հարկավոր է, տարածաշրջանային աղտոտվածության նվազեցմանը միտված ինժեներական լուծումներին զուգահեռ, մարդկանց պաշտպանելու ռազմավարություն մշակել: Այս հետազոտությունն այն մասին է վկայում, որ սննդային ռազմավարության զարգացումը կարող է ընդհանուր կանխարգելիչ միջոցների մասը դառնալ», - հայտարարել է Ջոնս Հոպկինսի շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Ջոն Գրուպմանը: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, օդի աղտոտվածության պատճառով տարեկան 7 մլն մարդ է մահանում: Անցյալ տարի քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը օդի աղտոտվածությունը քաղցկեղածին գործոնների շարքին է դասել:

Խաչածաղկավոր բանջարեղենների օգտակար հատկությունները քաղցկեղի դեմ պայքարով չեն սահմանափակվում. բրոկոլին կարող է նաեւ քրոնիկ դեգեներատիվ հիվանդությունների դեմ կիրառվել: Մասնավորապես այս բույսի ծիլերը հարուստ են գլյուկոռաֆանինով, ինչը օրգանիզմի` աղտոտվածության դեմ պայքարի համար անհրաժեշտ էնզիմների արտադրությանն է նպաստում: