Նախադաշտանային ախտանշանը (ՆԴԱ) ախտանշանների համալիր է, որոնք առաջ են գալիս կանանց մոտ դաշտանից 2-10 օր առաջ։ Գիտնականները գրանցել են ավելի քան 150 տարբեր ախտանշաններ, որոնք բնորոշ են ՆԴԱ-ին։ Դրանք ներառում են ֆիզիկական, հուզական, վարքի եւ իմացական փոփոխություններ։

ՆԴԱ ամենատարածված ախտանշաններն են հակումը որոշակի սննդի հանդեպ (որպես կանոն, խոսքը ճարպոտ եւ քաղցր սննդի մասին է), տրամադրության տատանումները, գրգռվածությունը, տագնապայնությունը, լարվածությունը, թախիծը, դեպրեսիան։

Ինչպես տեղեկացնում է Science Alert-ը, որոշ սննդամթերքների հանդեպ հակմանը ՆԴԱ-ի ժամանակ բախվել է կանանց 97 տոկոսը։ Հայտնի է նաեւ, որ կանայք օրական 500 ավելորդ կալորիա են օգտագործում մենստուրացիոն ցիկլի լյուտեինային փուլում (դա ձվազատումից հետո ընկած շրջանն է մինչեւ հաջորդ դաշտանի սկսվելը)՝ ֆոլիկուլյար փուլի համեմատ։

Ինչո՞ւ է այդպես լինում։

Գիտնականները երեք տեսություն են առաջադրում, որոնք բացատրում են յուղոտ սննդի հակումը ՆԴԱ-ի ժամանակ։ Համաձայն առաջին տեսության՝ կանայք անգիտակցաբար են ընտրում այդպիսի մթերքներ, չէ՞ որ դրանք թույլ են տալիս բարձրացնել սերոտոնինի (միացություն, որն ուրախության եւ բարեկեցության զգացողություն է առաջացնում) մակարդակը։

Մյուս տեսության համաձայն՝ դա միանգամայն գիտակցված ընտրություն է, որը կոչված է բարելավելու տրամադրությունն ու հաղթահարելու քաղցը։

Երրորդ տեսությունն ամեն բան բացատրում է հորմոններով. կանայք ավելի շատ են ուտում, երբ իջնում է էստրոգենի եւ բարձրանում պրոտեստերոնի մակարդակը։