Մարիխուանայի կիրառության օրինականացման տենդենցին զուգահեռ, գիտական շրջանակները շարունակում են հակասական կարծիքներ հայտնել դրա օգտակարության վերաբերյալ:  Ներկայիս դրությամբ ԱՄՆ նահանգներից 22-ում եւ Կոլումբիայի շրջանում կանաբիսի բժշկական կիրառում ենթադրող ծրագրեր են գործում, իսկ Կորոլադո եւ Վաշինգտոն նահանգներն ընդհանրապես օրինականացրել են թմրամիջոցի վաճառքը: Շուտով Օրեգոնը եւս այդ շարքին կմիանա:

Ծխախոտի բացասական հետեւանքները նորություն չեն մարդկանց համար, բայց շատերին թվում է, թե մարիխուանան օգտակար հատկություններ ունի կամ առնվազն վտանգավոր չէ:  Չէ՞ որ, օրինակ, սրտխառնոցի եւ քիմիաթերապիայի կողմնակի հետեւանքների դեմ կիրառվող լավագույն միջոցներից մեկն է համարվում:

Այդուհանդերձ, դժվար թե նույն արդարացումը սրտանոթային հիվանդություններով տառապաող մարդկանց համար տեղին լինի, քանի որ բժշկությանը դեռեւս բավականաչափ տեղեկություններ չունի այն մասին, թե ինչպես է մարիխուանան սրտի վրա ազդում, ավելին` այդ տարածքը ամենաքիչ հետազոտվածներից մեկն է համարվում: 

Այդուհանդերձ, ներկայացնենք մի քանի պատճառներ առ այն, թե ինչու սրտային հիվանդները պետք է զգուշավոր լինեն մարիխուանայի նկատմամբ. 

1. Աննշան գիտական տվյալներն ահազանգ են պարունակում. մարիխուանայի` տասնամյակներ շարունակ անօրինական լինելու պատճառով դրա ազդեցության վերաբերյալ հստակ գիտական հետազոտություններ չեն իրականացվել: Այդուհանդերձ, սահմանափակ հետազոտությունները հետեւյալ բացասական հետեւանքների մասին են վկայում.

2. Սրտանոթային համակարգ. մի շարք ուսումնասիրությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ մարիխուանան կարող է սրտի արագ աշխատանքի եւ արյան ճնշման տատանումների հանգեցնել, որոնք էլ, իրենց հերթին, կարող են ինֆարկտի կամ ինսուլտի պատճառ դառնալ: Այս տեսանկյունից հատկապես անչափասների սրտանոթային համակարգն է խոցելի համարվում:

3. Թոքեր եւ երակներ. մարիխուանան կարող է թոքերի հյուսվածքներին եւ փոքր երակներին լուրջ վնաս պատճառել: Մարիխուանա ծխելու հնարավոր հետեւանքներից է նաեւ հատկապես սրտանոթային հիվանդությամբ տառապող մարդու համար լուրջ վտանգ ներկայացնող մինի-ինսուլտը, ուստի առաջարկվում է ծխելու փոխարեն այն սնունդի հետ ընդունել: Սակայն այստեղ եւս ռիսկի գործոն կա, քանի որ նման պարագայում դժվար է անվտանգ չափաբաժինը որոշել: Գենետիկորեն մոդիֆիկացված մարիխուանայի դեպքում պատկերն առավել խճճված ու անկանխատեսելի է դառնում:

4. Ուղեղ. ընթացիկ հետազոտությունները մարիխուանայի եւ մտավոր առողջության հետ կապված խնդիրների, ներառյալ` երկբեւեռ խանգարման փոխկապակցվածությունն են մատնանշել: Մարիխուանայի կիրառության հնարավոր հետեւանքներից են նաեւ դեպրեսիան եւ սոցիալական մեկուսացումը, որոնք էլ, իրենց հերթին, կարող են լուրջ վտանգ ներկայացնել սրտային հիվանդների համար: 

Հարկ է նշել, որ մարիխուանայի ակտիվ բաղադրիչը ՏՀԿ-ն է (տետրոհիդրոկանաբինոլ), իսկ ՏՀԿ-ի ռեցեպտորները մեր օրգանիզմում առկա հյուսվածքների բաղադրիչ մասն են կազմում: Ասել է թե` մարիխուանան տեսականորեն յուրաքանչյուր օրգանի վրա կարող է ազդեցություն ունենալ: