Եթե մտադիր եք Ձեր փոքրիկին լույս աշխարհ բերելիս խուսափել բոլոր տեսակի միջամտություններից եւ մասնավորապես` կեսարյան հատման տարբերակից, FoxNews-ի խորհրդով կարող եք հետեւյալ 10 միջոցների օգնությանը դիմել` ծննդաբերության ցավերը մեղմելու համար.
1. Շնչառական վարժություններ
Միտքը եւ մարմինը հանգիստ պահելու եւ կծկումներին դիմակայելու լավագույն միջոցը շնչառական վարժություններն են: Բրեդլիի կամ Լամազեի մեթոդներն այս պարագայում ձեզ շատ կօգնեն:
2. Ռեբոսո
Ռեբոսոն կանացի զգեստ է, որը որովայնի տակ է դրվում եւ երկու կողմերից քաշվում` ցավը հավասարակշռելու նպատակով:
3. Հիդրոթերապիա
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիդրոթերապիան կարող է նշանակալիորեն թուլացնել մկանների լարվածությունը եւ մեղմել ծննդաբերության ցավերը: 4-5 սմ բացվածքի ժամանակ լոգանքը հրաշքներ է գործում:
4. Օրինական ներկայացուցիչ/օգնական (դուլա)
Մի շարք երկրներում ծննդկանը կարող է օրինական ներկայացուցիչ ունենալ, որի խնդիրը, մասնավորապես հոգեբանական աջակցության միջոցով, հարմարավետ միջավայր ստեղծելն է: Դուլան մերսման եւ խրախուսական խոսքերի օգնությամբ ֆիզիկական եւ զգացական հարմարավետություն է ստեղծում: Նա կարող է հիվանդասենյակը Ձեզ համար ծանոթ միջավայրի վերածել:
5. Շարժվել եւ շարժվել
Այս ու այն կողմ քայլելն ու հաճախակի մարմնի դիրքը փոխելը լավ եղանակ է ոչ միայն ծննդաբերության ցավերը մեղմելու, այլ նաեւ` գործընթացը արագացնելու համար:
6. Ծննդաբեր գնդակ
Ծննդաբեր գնդակի օգնությամբ կծկումները կարող են ավելի տանելի դառնալ, քանի որ այդպես ծննդաբերության ուղին ավելի արագ է բացվում: Նույն հաջողությամբ գոտկատեղի դեպի հետ ու առաջ շարժումները կարող են օգտակար լինել:
7. Վիզուալիզացիա
Պատկեկրացրեք` անվտանգ, հանգիստ վայրում եք գտնվում կամ թե ինչպես է, յուրաքանչյուր կծկումից հետո, ձեր երեխան ծննդաբերության ուղու երկայնքով առաջ շարժվում: Այդ հարցում եւս դուլան կարող է օգտակար լինել:
8. Հիպնոս
Ինքնահիպնոսի օգնությամբ շնչառական վարժությունները եւ վիզուալիզացիոն մեթոդներն ավելի արդյունավետ կիրականացնեք: Վիճակագրությունն ասում է, որ այս միջոցի կիրառմանը դիմած ծննդկանների 70-75 տոկոսը ծննդաբերության ընթացքում ընդամենը թեթեւ ճնշում կամ մեղմ ցավ է զգացել:
9. Ասեղնաբուժություն
Ասեղի օգնությամբ մարմնի որոշ հատվածներ խթանելու դեպքում կարելի է առավել հարմարավետ միջավայր ստեղծել ծննդկանի համար: Մասնավորապես արհեստավարժ դուլաները հրաշալի տիրապետում են այդ մեթոդին:
10. Մերսում
Մերսումը հրաշալի միջոց է` լարվածությունը մեղմելու եւ կծկումներին դիմակայելու համար:






