E-Njoint B.V. հոլանդական ընկերությունը առաջին էլեկտրոնային թմրագլանակն է ներկայացրել: Արտադրողի խոսքով, այն արդեն իսկ մեծ հեղինակություն է վայելում գնորդների շրջանում, հաղորդում է UPI-ն:
Նորահայտ գլանակների հետ միասին թմրանյութի որեւէ տեսակ չի վաճառվում, սակայն ցանկության դեպքում այն կարելի է, օրինակ, մարիխուանայով լցնել: Հակառակ դեպքում գլանակները կարող են նաեւ որպես սովորական էլեկտրոնային սիգարետ օգտագործել:
Նորույթն իսկական թմրագլանակի տեսք ունի: Գլանակի նշանակության շուրջ կասկածներ չհարուցելու նպատակով այն մարիխուանայի փայլուն տերեւի տեսք ունեցող պատկերանշանով է զարդարված:
Նախկինում E-Njoint B.V. ընկերությունը միայն մրգային համով էլեկտրոնային սիգարետների վաճառքով էր զբաղվում: Եվրամիության երկրներում վաճառվող սիգարետները ծխախոտ, նիկոտին եւ խեժ չեն պարունակում: Փոխարենը դրանց մեջ պրոպիլենգլիկոլ, գլիցերին, ջրային գոլորշի եւ բնական բուրավետիչներ են ներառված:






