Լինում են դեպքեր, երբ ցնցուղ ընդունելիս ընտանիքի անդամներից որեւե մեկն անզգուշաբար սառը ջուր է բացում խոհանոցում եւ, ջերմություն վայելելու փոխարեն, հատկապես ձմռան ցուրտ ամիսներին, անհարմարությունից եւ բարկությունից ինքներդ ձեզ չեք գտնում, բայց բանից պարզվում է` սառը ցնցուղը կարող է օգտակար լինել առողջության համար: Սառը ջրով ավարտվող լոգանքը, որը «Ջեյմս Բոնդի ցնցուղ» անունն է ստացել, զարմանալիորեն առողջարար հատկություններ ունի մարմնի եւ մաշկի համար, տեղեկացնում է Medical Daily-ն:
1. Զգոնության պաշար
Առավոտյան մարմինը սառը ջրով ողողելու հեռանկարը շատերին սարսափելի կթվա: Այնուամենայնիվ, օրգանիզմն` ի պատասխան շոկի, ավելացնում է ներառվող թթվածնի քանակը եւ առավել խորը շնչառություն ապահովում: Հետեւապես` արագանում է սրտի աշխատանքը, ինչի արդյունքում էլ մարմնի բոլոր հատվածները մեծ քանակության արյուն են ստանում: Սա էներգիայի մեծ պաշար է` ողջ օրվա համար:
Հոլիվուդի կինոաստղ Քեթրին Հեփբըրնը ողջ կյանքի ընթացքում միայն սառցե լոգանք կամ ցնցուղ էր ընդունում եւ բոլորին խորհուրդ էր տալիս իր օրինակին հետեւել:
2. Մազերի եւ մաշկի թարմություն
Մաշկի եւ մազերի թարմ տեսքը պահպանելու լավագույն բնական եղանակը եւս սառը ցնցուղն է համարվում: Ի տարբերություն տաք ջրի, որը մաշկը չորացնելու հատկություն ունի, այն հրաշալի միջոց է` կուտիկուլները եւ մաշկի անցքերն ամրացնելու եւ խցանումներից պաշտպանելու համար: Սառը ջուրը նաեւ «կնիք» է դնում մաշկի անցքերին` կեղտի ներթափանցումից խուսափելու համար:
Ինչ վերաբերում է մազերի խնամքին, ապա սառը ցնցուղի օգնությամբ դրանց ֆոլիկուլներն ուղղվում են եւ գանգամաշկին կպչելու ավելի մեծ կարողություն ձեռք բերում:
3. Բարձր դիմադրողականություն եւ արյան ճիշտ շրջանառություն
Սառը ջուրը կարեւոր խթան է` արյան շրջանառության արագացման համար, ինչի արդյունքում մաշկի եւ սրտի հետ կապված որոշ խնդիրներից կարող եք խուսափել: Մասնավորապես, զարկերակների` առավել արդյունավետ կերպով արյուն մղելու կարողությունը էական նշանակություն ունի սրտի նորմալ աշխատանքի համար: Այն կարող է իջեցնել արյան ճնշումը, մաքրել զարկերակներում առկա խցանումները եւ իմունային համակարգի բարեկարգ աշխատանքի հանգեցնել:
4. Ավելորդ քաշի կորուստ
Սառը ցնցուղը զարմանալիորեն կարող է ավելորդ քաշի կորստի հանգեցնել: Մարդու մարմինը երկու տիպի ճարպային հյուսվածքներից է բաղկացած, որոնք սպիտակ ճարպ եւ շագանակագույն ճարպ անունն են ստացել: Սպիտակն առաջանում է, երբ սնունդ ընունելիս գերազանցում ենք օրգանիզմին անհրաժեշտ կալորիաների քանակը եւ այնուհետ չենք «վառում» դրանք: Այդպիսի ճարպերը կոնքերի, գոտկատեղի, պարանոցի եւ ազդրերի մոտ հավաքվելու հատկություն ունեն: Իսկ ահա շագանակագույն ճարպերը դրական հատկություններ ունեն. դրանց շնորհիվ մեր օրգանիզմը անհրաժեշտ ջերմություն է ապահովում: Այնպես որ, սառը ցնցուղ ընդունելով, շագանակագույն ճարպերին ակտիվության ազդակ ենք հաղորդում. 2009թ.-ին իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բացարձակ ցրտի պայմաններում դրանց ակտիվության մակարդակը կարող է մինչեւ 15 անգամ արագանալ: Դա նշանակում է, որ սառը ցնցուղի միջոցով տարեկան կարելի է 3-4 կգ քաշ կորցնել:
5. Մկանային ցավերի մեղմում եւ արագ վերականգնում
Բոլորս տեսել ենք, թե ինչպես են մարզիկները պարապմունքներից հետո սառցե լոգանք ընդունում` մկանային ցավերը մեղմելու նպատակով: Մարզասրահից հետո սառը ցնցուղ ընդունելը նույնքան արդյունավետ կարող է լինել: 2009թ.-ին իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարզումներից հետո 24 րոպե տեւողությամբ սառը լոգանք ընդունելով (ջրի ջերմաստիճանը` 10-15 աստիճան) կարելի է մկանների արագ կազդուրում ապահովել:
6. Սթրեսի կանխարգելում
Անմիջապես` առանց ջերմաստիճանին հարմարվելու, սառը ջրի մեջ մտնելով կարող եք սթրեսի եւ որոշ հիվանդությունների դեմ դիմադրողականություն ձեռք բերել: 1994թ.-ին իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիշյալ գործողության արդյունքում միզաթթվի մակարդակի կտրուկ անկում է գրանցվում, եւ հակառակը` ավելանում է գլուտատիոնի մակարդակը: Սա մի հակաօքսիդանտ է, որի շնորհիվ մյուս բոլոր հակաօքսիդանտները աշխատանքի օպտիմալ մակարդակ են ապահովում:
7. Դեպրեսիայի մեղմում
Սառը ցնցուղը դեպրեսիայի ախտանշանները մեղմելու հրաշալի միջոց է: Սառը ջուրը ցանկալի ազդեցություն է թողնում մաշկի համապատասխան ռեցեպտորների վրա, որոնք պերիֆերիկ նյարդային վերջույթներից մեծ քանակությամբ էլեկտրական իմպուլսներ են ուղարկում ուղեղին, ինչի արդյունքում հակադեպրեսիվ էֆեկտ է առաջանում: 2008թ.-ին իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիդրոթերապիան, առանց որեւէ կողմնակի ազդեցության եւ կախվածության, անալգետիկ էֆեկտ է ապահովում






