Հունիսի 26-ը թմրանյութերի օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է (International Day Against Drug Abuse and Illicit Trafficking): Այն, «Թմրամիջոցների չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ միջազգային խորհրդաժողովի» միջնորդությամբ, 1987թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից է ընդունվել (42/112 բանաձեւ):

Ամեն տարի հունիսի 26-ին միջազգային հանրությունն իր գլխավոր նպատակներից մեկի` թմրամոլությունից զերծ հասարակություն ստեղծելու մասին է հիշում: Թմրանյութերի եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարն արդեն շուրջ 100 տարվա պատմություն ունի, սակայն առայժմ, ցավոք սրտի, հարցին լուծում չի տրվել, եւ տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ թմրանյութերի հետ կապված խնդիրների զոհն են դառնում: 

Թմրամոլության խնդիրը Հայաստանում եւս այժմեական է: 2013թ. դրությամբ, վերջին երկու տարիներին թմրամոլների թվի 50 տոկոսի, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում` 30 տոկոսի չափով աճ է գրանցվել: Պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը 4332 է, սակայն չգրանցվածները երեք անգամ շատ են: Նրանց հիմնական տարիքը 29-49 տարեկանն է, սակայն անչափահաս թմրամոլներ եւս նկատվում են:

Հայաստանում առավել լայն տարածում գտած թմրանյութերը հաշիշը, ափիոնը եւ կոկաինն են: