Էլեկտրական խթանիչները սրտի աշխատանքի խանգարումներով տառապող կանանց ավելի լավ են օգնում: Բայց, այդուհանդերձ, ինչպես վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն են ցույց տվել, կանանց` հիշյալ մեթոդի օգնությամբ առողջությունը վերականգնելու հնարավորությունները համեմատաբար փոքր են, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Սրտի ռեսինխրոնիզացիոն թերապիան կանանց համար սրտի կաթվածի եւ մահվան հավանականության 60 տոկոսով նվազում է ապահովում, իսկ ահա տղամարդկանց համար` ընդամենը 25 տոկոս:

 Չնայած վերը բերված տվյալներին, սրտի ռեսինխրոնիզացիոն թերապիայից օգտվող կանանց թիվը համեմատաբար փոքր է: Անհամաչափ վիճակագրության պատճառն այն է, որ բժշկական ուղեցույցների հիմքում ընկած կլինիկական փորձարկումները մեծ ի մասամբ տղամարդկանց են ներառում (80 տոկոս):

 Ռեսինխրոնիզացիոն թերապիան սրտի երկու տարբեր կողմերի անհամաչափ աշխատանքի արդյունքում առաջացող էլեկտրական խանգարումների կարգավորմանն է միտված: Խթանիչը ուղղում է էլեկտրական ազդակներն ու դրանք սրտի աշխատանքին համապատասխանեցնում:  

Վերը հիշատակված հետազոտության արդյունքներն առ այն, որ ռեսինխրոնիզացիոն թերապիան առավել արդյունավետ է գործում կանանց համար, դրդել են ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը մանրազննին վերլուծության առնել կլինիկական փորձարկումների շրջանակում գրանցված բոլոր տվյալներն ու այն եզրահանգմանը գալ, որ բժշկական ուղեցույցները  սխալմամբ խորհուրդ են տալիս հիշյալ բուժամիջոցը միայն 150 միլիվայրկյանից բարձր տեւողությամբ QRS ունեցող հիվանդների համար կիրառել:  QRS-ը սրտի էլեկտրական կոնդուկցիայի համար անհրաժեշտ ժամանակահատվածն է:

Պարզվում է` նույնիսկ 130-146 միլիվայրկյան QRS ունեցող կանայք կարող են նշանակալի օգուտ ստանալ սրտի ռեսինխրոնիզացիոն թերապիայից: Այդ պարագայում նրանց կաթված ստանալու եւ մահանալու ռիսկը 76 տոկոսով կնվազի:

Կնոջ սիրտն ավելի փոքր չափեր ունի, հետեւաբար QRS-ի ամենափոքր տատանումներն անգամ կարող են բացասական ազդեցություն ունենալ այդ օրգանի վրա:

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջողների վարչության գիտահետազոտական խմբի մասնագետները նաեւ պարզել են, որ ռեսինխրոնիզացիոն թերապիան հատկապես օգտակար է այնպիսի սրտային հիվանդությունների համար, որոնք առավելապես կանանց են հատուկ: Խոսքը, մասնավորապես, ձախ հանգույցի ոտիկի պաշարման մասին է:

Այս եզրահանգումները շեշտում են կլինիկական փորձարկումներում առավել մեծ թվով կանանց ներառելու եւ բժշկական ուղեցույցներն ըստ սեռի կազմելու անհրաժեշտությունը: