Հայաստանում շատերը ցանկանում են, որ երկրում վաճառվող դեղամիջոցների ցուցումները, որտեղ կարելի է բուժամիջոցի մասին տեղեկություններ կարդալ, հայերեն լեզվով լինեն։ NEWS.am Medicine-ի ընթերցողներից էլ են մեզ այդ հարցով դիմել, ցանկանալով պարզել, թե արդյոք հույս կա, որ մի օր ցուցումների թերթիկի վրա, այլ լեզուների հետ մեկտեղ, հնարավոր կլինի նաեւ հայերեն տեքստ կարդալ։
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միության տնօրեն Սամվել Զաքարյանն է նշել, մասնավոր սեկտորը, ի դեմս ԴԱՆ միության, նույնպես ցանկանում է, որ այս հարցը լուծվի։
Իսկ ի՞նչ լուծումներ կան այս հարցի համար։
Սամվել Զաքարյանի կարծիքով, գրեթե անհնար է, որ դեղարտադրող կազմակերպություններն իրենց մոտ տպվող ցուցումների վրա հայերեն տեքստ ավելացնեն. Հայաստանը բավական փոքր շուկա է, եւ արտադրողին ֆինանսապես ձեռնտու չի լինի Հայաստան ներմուծվող արտադրանքի համար նոր պիտակներ պատրաստել:
Սամվել Զաքարյանի խոսքով, ներմուծվող դեղերի ցուցումների հայերեն տարբերակը դեղատներում գնորդներին տրամադրելն ավելի հավանական լուծման տարբերակ կարող է լինել: Քանի որ Հայաստանը շուտով, ամենայն հավանականությամբ, էլեկտրոնային առողջապահության համակարգի է անցնելու, ցուցումների թարգմանությունները կարող են նաեւ էլեկտրոնային տարբերակով լինել եւ, օրինակ, հաճախորդի էլեկտրոնային հասցեին ուղարկվել կամ ուղղակի տպվել:
Սամվել Զաքարյանը ավելացրեց, որ «Դեղերի մասին» օրենքի նոր նախագծում նաեւ ցուցումների հայերեն տարբերակի հարցն է ընդգրկված, եւ, հաստատման դեպքում, այս հարցը եւս հավանաբար իր լուծումը կստանա:






