Տնային կենդանիների, հատկապես շների տերերի շրջանում նվազում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման եւ դրանց հետ կապված վաղաժամ մահվան հավանականությունը, պարզել է գիտնականների միջազգային խումբը: Վաղաժամ մահը կանխարգելելու համար գիտնականները խորհուրդ են տալիս ձեռք բերել տնային կենդանիներ եւ նրանց հետ հնարավորինս ավելի հաճախ զբոսնել:

MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ նոր հետազոտությանը մասնակցել են 1769 կամավորներ, որոնք որեւիցե սիրտ-անոթային հիվանդություն չեն ունեցել: Մասնագետները հարցեր են տվել նրանց կենսակերպի մասին, ինչպես նաեւ գնահատել են առողջության այնպիսի ցուցանիշները, ինչպես՝ մարմնի զանգվածի ինդեքսը, ֆիզիկական ակտիվությունը, զարկերակային ճնշումը, արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակը:

Պարզվել է, որ տնային կենդանիների, հատկապես շների տերերը՝ անկախ սեռից եւ տարիքից օրվա ընթացքում ավելի ակտիվ են եղել եւ հաճախ են հետեւել առողջ սննդակարգի: Ավելին, որպես կանոն, նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայի շրջանակում է եղել:

Գիտնականների խոսքով՝ շների տերերն ավելի հաճախ են փողոց դուրս գալիս եւ ձեռնասունի հետ ակտիվ խաղեր խաղում, ինչը նրանց ավելի առողջ է դարձնում: Դրանից բացի, կենդանիների հետ շփումը բարելավում է հոգեբանական վիճակը եւ խոչընդոտում սոցիալական մեկուսացումը, ինչը նույնպես ընդհանուր առողջության վրա բարերար ազդեցություն է ունենում: