Ամերիկյան Իլինոյս նահանգի առողջապահության դեպարտամենտը (IDPH) տեղեկացնում է ԱՄՆ-ում վեյփինգից հետո շնչառական ուղիների հիվանդությունից պացիենտի մահվան առաջին դեպքի մասին։
Անցած շաբաթվա ընթացքում Իլինոյսում կրկնապատկվել են 17-38 տարեկան մարդկանց հոսպիտալացման դեպքերը վեյփերի օգտագործումից հետո։ Խոսքը հիմնականում այնպիսի ախտանշանների մասին է, ինչպիսին են հազը, շնչարգելությունը եւ թուլությունը, սակայն որոշ դեպքերում նկատվել են նաեւ փսխում եւ լուծ։ Այս ախտանշանները առավել ակնհայտ դրսեւորվել են հոսպիտալացումից մի քանի օր կամ շաբաթ առաջ։
Այս դեպքերի հետազոտություններին աջակցելու համար ներգրավվել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) մասնագետները։
Ավելի վաղ տեղեկացվել էր թոքերի հանելուկային հիվանդության մոտ 200 դեպքի մասին՝ կապված էլեկտրոնային սիգարետների օգտագործման հետ։ Դրանք բոլորն էլ հայտնաբերվել են ԱՄՆ 22 նահանգներում, հունիս-օգոստոսի ընթացքում։ Դեպքերի մեծ մասում տուժածները հաղորդել են տետրահիդրոկաննաբինոլ պարունակող արտադրանքի օգտագործման մասին։






