Շաքարախտով հիվանդների համար ֆիզիկական վարժությունները չափազանց օգտակար են: Դրանք ոչ միայն սթրեսն են մեղմում, այլ նաեւ` արյան մեջ շաքարի պարունակությունը նվազեցնում:
Իսկ որքա՞ն ժամանակ հատկացնել վարժություններին. ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտը խորհուրդ է տալիս շաբաթական 150 րոպե տեւողությամբ վարժություններ կատարել, իսկ ահա շաքարախտով հիվանդների ամերիկյան ասոցիացիան հորդորում է վարժությունների միջեւ ընդմիջումը երկու օրից չգերազանցել:
Ստորեւ ներկայացնում ենք վարժությունների 5 տեսակներ, որոնք լուրջ օգնություն կլինեն շաքարախտով հիվանդների համար.
1. Զբոսանք. շաբաթական երեք անգամ` երեսուն րոպեից մինչեւ մեկ ժամ տեւողությամբ արագաքայլ զբոսանքը ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելու հրաշալի միջոց է համարվում:
2. Թայ Չի. չինական այս մարզաձեւը դանդաղ եւ սահուն շարժումների օգնությամբ մարմնին եւ մտքին հանգստություն է պարգեւում: Ավելին` սա հրաշալի միջոց է արյան մեջ շաքարի բաղադրությունը նվազեցնելու համար:
3. Յոգա. այստեղ եւս սահուն շարժումները կարող են մարմնի եւ մտքի ճկունության, ուժի եւ հավասարակշռության բերել: Այն չափազանց օգտակար է տարբեր քրոնիկ խանգարումներով, այդ թվում նաեւ` շաքարախտով հիվանդ մարդկանց համար: Շաքարախտով հիվանդների ամերիկյան ասոցիացիայի համոզմամբ, յոգան, մկանների զանգվածի բարեկարգման շնորհիվ, արյան մեջ գլյուկոզայի բաղադրության կարգավորման հրաշալի միջոց է հանդիսանում:
4. Պար. Պարային շարժումները եւ հերթականությունը հիշելու մտավոր աշխատանքը ուղեղի գործունեությունն ու հիշողությունը խթանելու արդյունավետ միջոց է համարվում: Շաքարախտով հիվանդների պարագայում այն նաեւ ֆիզիկական ակտիվությանը զարկ տալու, ավելորդ քաշից ազատվելու, մարմնի ճկունություն ձեռք բերելու եւ արյան մեջ շաքարի բաղադրությունն ու սթրեսը նվազեցնելու ցանկալի միջոց է հանդիսանում: 30 րոպեի ընթացքում 70-75 կգ քաշ ունեցող մարդը կարող է մինչեւ 150 կալորիա վառել:
5. Լող. սա եւս հրաշալի միջոց է` առանց ավելորդ ճնշման մկանները թուլացնելու, խոլեստերինի մակարդակը կարգավորելու, կալորիաներ վառելու եւ սթրեսը հաղթահարելու համար: Սկզբի համար առաջարկվում է շաբաթական առնվազն երեք անգամ ամենաքիչը տասը րոպե այս մարզաձեւին հատկացնել. որոշ ժամանակ անց կարելի է ավելի երկար տեւողությամբ լողավազան հաճախել:
Այդուհանդերձ, հիշյալ վարժություններից որեւէ մեկի օգնությանը դիմելուց առաջ հարկ է բժշկի հետ խորհրդակցել եւ համոզվել, որ նախընտրելի տարբերակն անվտանգ ու համաչափ է շաքարախտի այն տիպի համար, որով տառապում եք: Եթե որոշ ժամանակ ֆիզիկապես ակտիվ չեք եղել, ապա հարկ է վարժությունների նվազագույն ծավալից սկսել եւ աստիճանաբար ակտիվանալ:
Ստորեւ անվտանգությանը միտված մի քանի այլ խորհուրդներ ենք ներկայացնում.
• Որոշ ժամանակ վարժություններից առաջ եւ հետո ստուգեք արյան մեջ շաքարի բաղադրության մակարդակը` համոզվելու համար, որ օրգանիզմը ճիշտ է արձագանքում դրանց:
• Անկախ շաքարախտի տիպից, վարժությունների մեկնարկից առաջ արյան մեջ շաքարի բաղադրությունը պետք է ցածր լինի 250 մգ/դլ-ից: Առաջին տիպի շաքարախտի դեպքում 250 մգ/դլ-ից բարձր ցուցանիշը կարող է, արյան մեջ ինսուլինի պակասի արդյունքում, կյանքի համար սպառնալիք ներկայացնող վիճակի` կետոացիդոզի հանգեցնել:
• Նախքան վարժությունները եւ դրանցից հետո 5-ական րոպե տեւողությամբ նախավարժանք եւ հետվարժանք կատարեք` մարմինը համապատասխանաբար «տաքացնելու» եւ «հովացնելու» համար:
• Վարժությունների ընթացքում, ինչպես նաեւ դրանցից առաջ եւ հետո մեծ քանակությամբ ջուր խմեք` ջրազրկումից խուսափելու նպատակով:
• Պատրաստ եղեք` դիմակայելու արյան մեջ շաքարի ցածր բաղադրությանը: Այն ցանկացած պահի բարձրացնելու միջոց ունեցեք ձեռքի տալ` լինի դա կարամել, գլյուկոզայի հաբ թե քաղցր հյութ:
• Միշտ բջջային հեռախոս կրեք:
• Ցուրտ կամ շոգ եղանակին մի մարզվեք:
• Ոտքերը պաշտպանելու համար գուլպաներ եւ կոշիկներ կրեք:
Եթե վարժությունների ընթացքում անբավարար շնչառություն կամ գլխապտույտ զգաք, հարկ է անմիջապես դադարեցնել դրանք: Այս եւ այլ անսպասելի խնդիրների մասին բժշկին անպայման տեղյակ պահեք:






