Արյան հետազոտության նոր` դեռեւս մշակման փուլում գտնվող եղանակի շնորհիվ հնարավոր կլինի BRCA1 գենի մուտացիա չկրող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկերը գնահատել: Հիշյալ մուտացիան կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց ընդամենը 10 տոկոսի մոտ է առկա. մնացած 90 տոկոս դեպքերում հիվանդության առաջացման պատճառներն անհայտ են մնում, տեղեկացնում է Medical Daily-ն:
Հետազոտության հեղինակները` University College London-ի (UCL) գիտահետազոտական խմբի անդամները, կանանց մոտ առկա մուտացիաների փոխարեն, գենետիկ ակտիվացումներն են ուսումնասիրում, ավելի կոնկրետ` այն գեները, որոնք «ակտիվացված» կամ «ապաակտիվացված» վիճակում կարող են կրծքագեղձի քացկեղի առաջացման վտանգ պարունակել: Գեների ակտիվացման հետեւանքներով զբաղվող գիտության` էպիգենետիկայի լեզվով ասած` հետազոտության հիմքում քաղցկեղի գենետիկ «ստորագրություններն» են:
UCL-ի գիտահետազոտական խմբի անդամներին հաջողվել է պարզել, որ ոչ ժառանգական քաղցկեղով տառապող կանայք նույն գենետիկ ստորագրությունն են կրում: Սա անչափ կարեւոր հայտնագործություն է, քանի որ հիշյալ ակտիվացումների շնորհիվ հնարավոր է վաղ տարիքում քաղցկեղի առաջացման վտանգ կանխատեսել:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով, կրծքագեղձի քաղցկեղը, անկախ ռասայից եւ ազգային պատկանելությունից, հիվանդության` կանանց մոտ ամենալայն տարածում գտած տեսակներից մեկն է համարվում: Դրա ախտորոշման համար ամենալայն կիրառություն գտած մեթոդը` մամոգրաֆիկ հետազոտությունը, այնուամենայնիվ, ցանկալի արդյունավետություն չի ապահովում: Ուստի գիտնականներն արդեն տեւական ժամանակ է`ախտորոշման եւ կանխարգելման այլընտրանքային ուղիներ են փնտրում, ինչպես, օրինակ, եռաչափ մամոգրաֆիկ հետազոտությունն է:
Կանխարգելմանը միտված ջանքերի հիմքում արյան հետազոտություններն են, որոնք, իրենց հերթին, կենսաչափական տվյալների (պրոտեինի, էնզիմների բաղադրություն եւն) վրա են հիմնվում` մարդու առողջության եւ որեւէ հիվանդության հավանական առկայության կամ առաջացման վտանգի մասին դատողություններ անելու համար: Ավելին` արյան հետազոտությունը քաղցկեղի որոշ` դժվար ախտորոշելի տեսակների հայտնաբերման միակ միջոցն է համարվում: Օրինակ` շագանակագեղձի քաղցկեղը օրգանի խորը տեղադրության պատճառով անմիջական հետազոտության ենթակա չէ, եւ բժիշկներին հիվանդության զարգացման միայն վերջին փուլերում է հաջողվում արյան մեջ դրա առկայությունը հաստատող անտիգեններ գտնել:






