Օրգանիզմում լավ եւ վատ մանրէների հավասարակշռությունը պահպանելով, կարելի է ոչ միայն մարսողական համակարգը կարգավորել, այլ նաեւ մաշկի առողջությունն ու գեղեցիկ տեսքն ապահովել, տեղեկացնում է FoxNews-ը:

Պրոբիոտիկներն առողջ մանրէներ են մատակարարում աղիներին եւ այդ կերպ մաշկային խանգարումներ, մասնավորապես` ակնե եւ վարդագույն կորյակ խթանող բորբոքումների հավանականությունը նվազեցնում:

Պրոբիոտիկների բաղադրությամբ յոգուրտը, կեֆիրը կամ սննդային հավելումները հատկապես օգտակար են այն մարդկանց համար, որոնք այս կամ այն հիվանդության դեմ պայքարի համար հակաբիոտիկներ են ընդունում:

Ներկայումս գիտահետազոտական խմբերի ուշադրության կենտրոնում է հայտնվել անմիջապես մաշկի խնամքին միտված քսուքներին պրոբիոտիկներ ավելացնելու գաղափարը:

Մաշկային խանգարումներով տառապող մարդիկ երբեմն շաբաթը մեկ` 10 րոպեով հունական յոգուրտ են քսում մաշկին: Ճիշտ է` այս «տնական» բուժամիջոցի արդյունավետությունը գիտականորեն դեռեւս չի հաստատվել, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ արդյունքում պզուկները քանակը նվազում է, իսկ մաշկը` ավելի թարմ ու գեղեցիկ տեսք ձեռք բերում: Համենայն դեպս, կասկած չի հարուցում, որ պրոբիոտիկները կարող են պաշտպանական վահանակ կազմել` իմունային համակարգ ներթափանցող եւ բորբոքումներ առաջացնող մանրեների դեմ:

Ներկայացնում ենք 4 մաշկային խանգարումներ, որոնց դեմ պրոբիոտիկներն արդյունավետ պայքար են խոստանում.

Ակնե. Իտալիայում, Ռուսաստանում եւ Կորեայում իրականացված փոքրածավալ հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ ակնեի դեմ պայքարի ստանդարտ դեղամիջոցների հետ միասին պրոբիոտիկների պարունակությամբ սնունդ կամ սննդային հավելումներ ընդունելով կարելի է առավել արդյունավետ պայքար մղել մաշկային խանգարման դեմ:  Հատկապես օգտակար են Lactobacillus, L. acidophilus, եւ B. bifudum մանրէները:

Էկզեմա. Ֆինն գիտնականները հետազոտություն են իրականացրել ծննդաբերությունից առաջ` 2-4 շաբաթ պրոբիոտիկ հավելումներ (մասնավորապես` Lactobacillus rhamnosus GG-ի բաղադրությամբ) ընդունող հղի կանանց շրջանում, իսկ այնուհետեւ էլ` այն նորածինների, որոնք առնվազն վեց ամիս կամ արհեստական կաթի հետ միասին են հիշյալ մանրէն ընդունել, կամ էլ` կերակրող մայրը շարունակել է հավելումներ օգտագործել:  Արդյունքում պարզվել է, որ մինչեւ առնվազն երկու տարի ձգվող էկզեմայի ընտանեկան պատմությամբ «օժտված» փոքրիկների մոտ, պրոբիոտիկների ազդեցությամբ, մաշկի համեմատաբար թույլ քոր է նկատվում:

Վարդագույն կորյակ. Այս բորբոքային խանգարումը դեմքին` այտերի, քթի, կզակի եւ ճակատի վրա կարմիր պզուկներ է առաջացնում: Պրոբիոտիկները կարող են նվազեցնել մաշկի չորությունը եւ կորյակների կարմրությունն ու պատճառած ցավը մեղմել:

Ծերացում. պրոբիոտիկների` մաշկի ծերացման դեմ պայքարելու հատկությունը դեռեւս հավելյալ հետազոտությունների կարիք ունի: Համենայն դեպս, կասկած չի հարուցում, որ դրանք կարող են մաշկի հյուսվածքներն ու երանգը պահպանող սպիտակուցի` կոլագենի արտադրության խթան հանդիսանալ:

«Լավ մանրէները» կարող են նաեւ ուժեղ արեւայրուքի պառճառած վնասներն ու կնճիռների արտահայտչականությունը մեղմել: