Կրծքագեղձի քաղցկեղի յուրաքանչյուր երրորդ դեպք կարելի է կանխել՝ փոխելով կենսակերպն ու սովորությունները: Դրա համար անհրաժեշտ է վերահսկել քաշը, օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինել, հետեւել սննդակարգին, չչարաշահել ալկոհոլը: Այս մասին հայտնել են Չիկագոյում դաշտանադադարի ուսումնասիրման հարցերով հյուսիսամերիկյան հասարակության ամենամյա կոնֆերանսի ժամանակ:
MedicalXpress-ի հաղորդմամբ՝ կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքն է: Անցյալում անցկացված բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել կրծքագեղձի քաղցկեղի պրոֆիլակտիայի համար կենսակերպի փոփոխության կարեւորությունը:
2018 թվականին քաղցկեղի ուսումնասիրության համաշխարհային հիմնադրամն ու քաղցկեղի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը թարմացրել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման ցուցումները՝ հաշվի առնելով դաշտանադադարը:
Նոր ցուցումների կարեւոր մասերն են՝
- Դաշտանադադարից հետո կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիկսը ճարպակալման դեպքում բարձր է 1,5-2 անգամ, այդ պատճառով կարեւոր է վերահսկել քաշը:
- Օրգանիզմում ճարպի քանակի ավելացումը նպաստում է քաղցկեղի առաջացմանը ինսուլին եւ էստրադիոլ հորմոնների մակարդակի աճի արդյունքում, ինչպես նաեւ բորբոքիչ պրոցեսների զարգացման պատճառով:
- Ֆիզիկական ակտիվությունն ինքնին կարող է կանխել կրծքագեղձի քաղցկեղի 8 դեպքերից 1-ը:
- Ալկոհոլը քաղցկեղածին է, որի հետ կապված են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 6,4%-ը:
- Ալկոհոլի ցանկացած քանակ մեծացնում է քաղցկեղի ռիսկը, եւ այդ ռիսկն աճում է դոզայի բարձրացման հետ մեկտեղ:
- Ոչ օսլայաշատ բանջարեղենի օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Հարկ է նշել նաեւ, որ ծխելուց հրաժարվելը եւս կարեւոր գործոն է, որը նվազեցնում է քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման ռիսկը:






