Կանանցից ոմանք ընտանիք կազմելուց որոշ ժամանակ անց կարող են անակնկալի գալ` իմանալով, որ մեկի փոխարեն երկու բալիկ են ունենալու: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, երկվորյակներով հղի կանանց թիվը միայն վերջին երեք տասնամյակների ընթացքում 76 տոկոսի չափով աճ է գրանցել:

Իհարկե` երկպտուղ հղիությունը հավելյալ էներգիա եւ միջոցներ է պահանջում, բայց միշտ պետք է հիշել, որ ձեր եւ փոքրիկների առողջությունը ամենաառաջնային նշանակությունն է կրում, զգուշացնում է FoxNews-ը:

Ահա` թե ինչ կարող եք սպասել եւ ինչպես կարող եք պատրաստվել երկպտուղ, եւ մանավանդ` բազմապտուղ հղիությանը:

1. Առաջնայինը ձեր առողջությունն է

Համոզվեք, որ բավականաչափ առողջ սնունդ եւ անհրաժեշտ քանակով հեղուկ եք ընդունում` հաշվի առնելով, որ ձեր սննդային կարիքները սովորական հղի կնոջ չափաբաժնով չեն բավարարվում: Ուշադրությամբ հետեւեք բոլոր նախանշաններին եւ դույզն-ինչ անհանգստության դեպքում անմիջապես բժշկի խորհրդին դիմեք:

2. Ցավեր շատ են լինելու

Բժիշկների խոսքով, մարդու մարմինը միապտուղ հղիության համար է նախատեսված: Ուստի, երկվորյակների առկայության դեպքում, արգանդը, ինչպես եւ որովայնը երկու անգամ շատ եւ արագ է մեծանում: Այնպես, որ արդեն 25-րդ շաբաթվա ընթացքում կարող եք անհարմարություն զգալ մարմնում: Կրկնակի ճնշման արդյունքում, բնականաբար, շուտ կհոգնեք եւ ավելի երկար հանգստանալու կարիք կզգաք:

3. Բժշկին առավել հաճախ այցելեք

Բժիշկները երկպտուղ հղիություն տանող կանանց խորհուրդ են տալիս մշտապես հսկողության տակ գտնվել: Հղիության 30-րդ շաբաթից հետո ամեն շաբաթ ուլտրաձայնային հետազոտությունների անհրաժեշտություն կծագի` համոզվելու համար, որ հարպտղային ջրերը համարժեք ծավալ են կազմում եւ երեխաները նորմալ զարգացում են ստանում:

4. Հավելյալ աջակցություն փնտրեք

Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ երկվորյակների մայրիկները, սովորական հղիների համեմատությամբ, չափավոր կամ սուր արտահայտված հետծննդյան դեպրեսիայով տառապելու` 43 տոկոսով բարձր ռիսկի են ենթարկվում: Հատկապես եթե նախկինում վիժել են կամ անպտղությամբ տառապել, ինչն առավելապես երկպտուղ հղիության դեպքերին է հատուկ:

Ընտանիքի անդամի կամ ընկերոջ օգնությունը խնդրեք, օգնական վարձեք կամ բազմապտուղ հղիություն տանող մայրիկներին օգնելու մեջ մասնագիտացված կազմակերպություններին դիմեք:

5. Ավելի վաղ պատրաստ եղեք

Երկվորյակների դեպքում հղիությունը միջինը 37 շաբաթ է տեւում, բայց հավանական է` ավելի վաղ հիվանդանոց մեկնելու կարիք լինի:

6. Նորածնային խնամքի բաժնի մասին հետաքրքրվեք

Չնայած 34-րդ շաբաթից հետո ծնված երկվորյակները մեծ ի մասամբ նորածնային խնամքի բաժին տեղափոխվելու կարիք չեն ունենում, դրա առկայության մասին հետաքրքրվելը լավ գաղափար է համարվում: Համոզվեք, որ այն բարձրակարգ հնարավորություններով է զինված:

7. Հուսահատության չմատնվեք

Եթե երեխաներից որեւէ մեկին, ամեն դեպքում, նորածնային խնամքի բաժին են տեղափոխում, կարիք չկա ամենավատի մասին մտածել: Կարող եք անհանգստանալ միայն այն ժամանակ, երբ մասնագետն ասում է, որ անհանգստանալու կարիք կա:

8. Սովորեք ճիշտ կերակրել

Հիվանդանոցում մասնագետի այց պահանջեք` կրծքով կերակրման ճիշտ եղանակը բացատրելու համար: Երեխաներին ամեն անգամ տարբեր կրծքով կերակրեք` կաթի պաշարը հավասարապես բաշխելու համար:

9. Ժամանակացույց մշակեք

Որքան շուտ կերակրման եւ քնի ժամանակացույց մշակեք, այնքան ավելի հեշտ կլինի ձեզ համար: Նույնիսկ եթե փոքրիկներից միայն մեկն է արթնանում եւ կաթ պահանջում, մյուսին էլ արթնացրեք` սինխրոն կերակրման սխեման չխախտելու համար:

10. Փոթորիկներից մի վախեցեք

Շատ հավանական է` ատամ հանելու ընթացքում կամ որեւէ վարակի ազդեցությամբ` երկուսը միասին հիվանդանան: Թույլ մի տվեք, որ նյարդերը տեղի տան եւ հիշեք` գնալով ամեն ինչ ավելի հեշտ է լինելու:

11. Ամուսնու մասին էլ մտածեք

Երկվորյակ ունեցած զույգերի զգալի մասն ի վերջո ամուսնալուծվում են. ժամանակ գտեք նաեւ ամուսնու համար եւ սեքսը առաջնայնությունների ցանկում ընդգրկեք: