Մարմնի զանգվածի նորմալ ինդեքս ունեցող երեխան իրականում կարող է գերքաշ լինել, քանի որ հիշյալ չափանիշը օրգանիզմում առկա հավելյալ ճարպերը հաշվի չի առնում, տեղեկացնում է FoxNews-ը:

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Ռոչեստեր քաղաքում գտնվող Mayo կլինիկայի գիտահետազոտական խմբի անդամները փորձել են պարզել, թե քաշի եւ հասակի հարաբերակցությունը` մարմնի զանգվածի ինդեքսը, որքան ճշգրտությամբ է երեխաների գերքաշությունն արտահայտում: Արդյունքում պարզվել է, որ մեթոդը լուրջ թերություն ունի` մկանային զանգվածը ճարպայինից չի տարբերակում:

Հետազոտության ընթացքում, ավանդական` մարմնի զանգվածի ինդեքսի չափման մեթոդից բացի, ճարպի բաղադրության որոշմանը միտված, մասնավորապես` մաշկի հաստությունն ու ռենտգեն ճառագայթների կլանման մակարդակը չափող մեթոդներ են կիրառվել:

Արդյունքում մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող երեխաները բոլոր համեմատվող մեթոդներով եւս գերքաշ են ճանաչվել, իսկ ահա ավանդական չափմամբ նորմալ ցուցանիշ ապահովածների 25 տոկոսն իրականում ավելորդ քաշ է ունեցել:

Գերքաշությունը վաղ տարիքում բացահայտելով, հնարավոր է, համարժեք միջամտության հաշվին, երեխայի ապագա առողջությունը երաշխավորել, ուստի վերլուծության արդյունքները լուրջ մտահոգություն են պատճառել գիտնականներին:

Մեկ այլ հետազոտությամբ նրանք պարզել են, որ նույն «բացթողումը» նաեւ չափահասների շրջանում է նկատելի, ինչը կարող է սրտային հիվանդությունների, շաքարախտի, արյան բարձր ճնշման եւ այլ հիվանդությունների առաջացման ռիսկի լուրջ գործոն համարվել:

Գիտնականների խոսքով, դեռեւս վաղ է ասել, թե բժիշկները մարմնի զանգվածի ինդեքսից հրաժարվելու եւ չափման այլ մեթոդների անցնելու անհրաժեշտություն ունեն, բայց մանավանդ երեխայի պարագայում իրանի շրջագծի հավելյալ չափումները չեն խանգարի: