Ո՞ր արտահայտությունը կարող է ավելի սարսափելի թվալ տղամարդուն, քան երբ բժիշկն ասում է. «Դուք շագանակագեղձի քաղցկեղ ունեք»: Դժբախտաբար, 7 տղամարդուց մեկին նման հեռանկար է սպառնում:
Վերջին տասնամյակների ընթացքում իրականացված բազմաթիվ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ որոշակի սննդակարգի առկայության դեպքում շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի շեշտակի նվազեցում է նկատվում:
Վերջերս Դյուքի համալսարանի գիտահետազոտական խումբը եւս երկու հետազոտություններ է նախաձեռնել` ապացուցելու համար, որ ածխաջրերով հարուստ եւ սպիտակուցների նվազագույն քանակով սննդակարգը հիվանդության առաջացման ռիսկի 60-70 տոկոսով նվազեցման է հանգեցնում, իսկ ահա բջջանյութով հարուստ սննդակարգը` 70-80 տոկոս դեպքերում ագրեսիվ քաղցկեղի առաջացման հեռանկար պարունակում:
Միաժամանակ պարզվել է, որ առողջ սննդակարգը եւ կենսակերպը կարող են հիշյալ հիվանդությունից զերծ պահել տղամարդուն` նույնիսկ եթե ընտանեկան պատմությունը առավելապես դրա գենետիկ առկայության մասին է վկայում, տեղեկացնում է NewsMax Health-ը:
Ուստի տղամարդկանց խորհուրդ ենք տալիս ստորեւ բերված սնուցիչներն ավելացնել սննդակարգում.
• Վիտամին D. ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի եւ պաշտպանության նախարարության համատեղ նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ D վիտամինի պակասորդ ունեցող տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղով տառապելու լուրջ`500 տոկոսով բարձր հեռանկար է սպառնում: Փորձագետները խորհուրդ են տալիս օրական վիտամինի 5000 միավոր կամ ամռանը` առնվազն 15 րոպե արեւի ճառագայթ ընդունել` առանց պաշտպանիչ միջոցների:
• Մելատոնին. Հարվարդի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի փորձագետները պարզել են, որ օրգանիզմում քնի հորմոնի` մելատոնինի բարձր պարունակությունը շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելիչ միջոց է համարվում: Օրական 3 մգ մելատոնին ընդունելով կարելի է հիվանդության առաջացման ռիսկը շուրջ 75 տոկոսով նվազեցնել:
• Լիկոպեն. Լոլիկին եւ ձմերուկին վառ կարմիր գույն հաղորդող գունանյութը` լիկոպենը, հակաօքսիդանտ է համարվում եւ կարող է հիվանդության առաջացման վտանգը մինչեւ 35 տոկոսով նվազեցնել: Հետազոտությամբ պարզվել է, որ շագանակագեղձում նախաքաղցկեղային փոփոխություններ ունեցող տղամարդիկ, օրական 4 մգ լիկոպեն ընդունելով, կարող են անցանկալի փոփոխությունների զարգացումը կանխարգելել: Մեծ Բրիտանիայում գտնվող Պորտսմուտի համալսարանի գիտահետազոտական խմբի համոզմամբ, լոլիկը հատկապես փոքր քանակությամբ բուսական յուղով եփվելու դեպքում նշանակալի կենսաբանական ակտիվություն է ձեռք բերում:
• Ինդոլ-3 կարբինոլ (I3C). այս սնուցիչը խաչածաղկավոր բանջարեղեններից, մասնավորապես` բրոկոլիից եւ կաղամբից է ստացվում: 20-30 մգ լիկոպենի հետ միասին, այն կարող է փքված շագանակագեղձի չափերի եւ քաղցկեղի առաջացման ռիսկի նշանակալի նվազեցման հանգեցնել: Նույնիսկ այն տղամարդկանց պարագայում, ովքեր տառապում են այդ հիվանդությամբ, I3C-ն, օրգանիզմում DIM անունը կրող նյութի վերածվելով, կարող է քաղցկեղի աճն ու տարածումը կանխարգելել:
• Խաղողի կորիզի հանուկ. ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտի պատվերով իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ խաղողի կորիզի հանուկը կարող է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը 40-60 տոկոսով նվազեցնել:
• Կանաչ թեյի հանուկ. Պարմայի համալսարանի իտալացի մասնագետները պարզել են, որ շագանակագեղձի քաղցկեղի նախաչարօրակ հիվանդությամբ` շագանակագեղձի ներէպիթելային նեոպլազիայով տառապող տղամարդիկ օրական երեք անգամ 200 մգ կանաչ թեյի հանուկ ընդունելով կարող են, պլացեբո ընդունողների համեմատությամբ, քաղցկեղի առաջացման 90 տոկոսով ցածր հավանականություն ձեռք բերել:
• Կուրկումին. այս սնուցիչը հնդկական համեմունքներից մեկի` քրքումի ակտիվ բաղադրիչներից մեկն է հանդիսանում: Նյու Մեքսիկոյի քաղցկեղի կենտրոնի գիտահետազոտական խմբի փորձագետները լաբորատոր պայմաններում պարզել են, որ կուրկումինի սինթետիկ տարբերակը կարող է ոչ միայն դանդաղեցնել, այլ նաեւ` կանխել շագանակագեղձի քաղցկեղածին բջիջների աճը:
• Կվերցետին. այս հուժկու հակաօքսիդանտը, որ խնձորի, սոխի եւ սխտորի մեջ է առկա, կարող է շագանակագեղձի քաղցկեղածին փոփոխությունները կանխել: Չինացի գիտնականները պարզել են, որ կվերցետինի ազդեցությամբ օրգանի մեջ առկա քաղցկեղային բջիջները 48 ժամվա ընթացքում ոչնչանում են:






