Ասում են` խաղաղությունը մարդու ներսից է գալիս: Այս փիլիսոփայական սկզբունքը, եթե Carnegie Mellon համալսարանի գիտահետազոտական խմբի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներին հավատալու լինենք, գիտական հիմքեր ունի: Պարզվում է` մտազբաղ մեդիտացիան (Mindfulness Meditation) ոչ միայն սթրեսի մակարդակն է նվազեցնում, այլ նաեւ ուղեղին ստիպում է բոլորովին այլ քիմիական նյութեր արտադրել, հաղորդում է Medical Daily-ն:
Շատերը խուսափում են մեդիտացիայի գաղափարից` հաշվի առնելով, թե որքան ժամանակ պետք է հատկացնել` վարպետանալու եւ ի փոխհատուցում` կասկածելի օգուտներ ստանալու համար: Իսկ վարպետանալու համար տարիներ են պահանջվում:
Սակայն վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն այլ բանի մասին են վկայում: Պարզվում է` սթրեսի մակարդակը նկատելիորեն նվազեցնելու համար ընդամենը երեք օր անընդմեջ 25-ական րոպե է հարկավոր: 66 առողջ մասնակիցների թքի հետազոտության արդյունքները եւ հարցաշարի միջոցով ստացված` էմոցիոնալ վիճակի մասին տեղեկությունները վերլուծելով` ակնհայտ է դարձել, որ մտազբաղ (mindful) մեդիատիվ վիճակը կարող է օրգանիզմում սթրեսի հորմոնի` կորտիզոլի բաղադրության նվազեցման հանգեցնել:
Հետազոտության մասնակիցներն ի սկզբանե երկու խմբի են բաժանվել: Առաջին խմբի անդամներին մեդիտացիայի համար անհրաժեշտ շնչառական միջոցառումների, պահը «որսալու» եւ միտքը զբաղեցնելու վարպետության արագացված դասընթաց է մատուցվել: Իսկ ահա երկրորդ խմբում ներառված մասնակիցները պոետիկ վերլուծության միջոցով կոգնիտիվ եւ խնդրալույծ վարպետության եռօրյա դասընթաց են անցել: Հետազոտության ավարտին բոլոր մասնակիցները, գիտնականների խնդրանքով, բանավոր եւ մաթեմատիկական թեստեր են հանձնել, որից հետո էլ` թքի հետազոտություն անցել եւ էմոցիոնալ մակարդակի վերաբերյալ հարցաշար լրացրել:
Արդյունքում պարզվել է, որ մտազբաղ մեդիտացիայի օգնությամբ հնարավոր է սթրեսի նկատելի նվազեցման հասնել: Ճիշտ է` պլացեբոյի էֆեկտը բոլորովին չի բացառվում: Հնարավոր է` մեդիտատիվ խմբի անդամները համոզմունք են ունեցել, որ ազատվելու են սթրեսից, եւ, թեթեություն զգալով, օրգանիզմում կորտիզոլի մակարդակը նվազեցրել: Բայց գիտահետազոտական խմբի անդամները հակառակ տեսակետին են հակված. մեդիտացիան ուղղակիորեն է կորտիզոլի մակարդակը նվազեցնում:






