Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արտաքին գրավչությունը հիվանդությունների հետ առնչվելու ռիսկի նվազեցման է հանգեցնում: Ցինցինատիի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամների պնդմամբ, հրապուրիչ մարդիկ առավել քիչ են ասթմայով, շաքարախտով եւ հիպերտոնիայով տառապում: Հարկ է նշել, որ մարդու արտաքին տվյալների եւ առողջության ու կոնկրետ հիվանդությունների զարգացման կապի բացահայտմանը միտված հետազոտությունը բնագավառի ամենախոշոր վերլուծությունն է եղել, հաղորդում է Metro-ն:
Որքան գրավիչ եւ հրապուրիչ է տղամարդու եւ կնոջ արտաքին տեսքը, այնքան փոքր է մի շարք հիվանդությունների` դեպրեսիայից մինչեւ արյան բարձր ճնշում, առաջացման հավանականությունը: Գեղեցիկ մարդիկ ընդհանուր առմամբ առավել առողջ են զգում իրենց, ավելի քիչ են հիվանդության թերթիկ վերցնում եւ ողջ կյանքի ընթացքում` առավել քիչ ֆիզիկական կամ հոգեկան բնույթի հիվանդությունների բախվում:
Գիտնականների համար նման եզրահանգման հիմք են ծառայել 24-35 տարեկան 15 հազար կանանց եւ տղամարդկանց շրջանում իրականացված հետազոտության արդյունքները: Մասնակիցների հիվանդության պատմությունը 10 տարեկանից է ուսումնասիրվել, իսկ ահա գրավչության մասին դատողությունների համար անձնական շփումները, եւ ոչ` լուսանկարներն ու տեսանյութերն են հիմք ծառայել, ինչպես բոլոր այլ` փոքրածավալ հետազոտությունների շրջանակում է իրականացվում:
Հետազոտության հեղինակների համոզմամբ, ստացված տվյալներն այն բանի մասին են վկայում, որ մարդու արտաքին գրավչությունը լավ գեների վկայություն է:






