Ամառն իր հետ հաճելի պահերից, հանգստից, բնության գրկում լինելու հնարավորությունից, թարմ մրգերի և բանջարեղենի առատությունից բացի բերում է նաև խնդիրներ: Դրանք առավել կապված են մարդու օրգանիզմի վրա օդի բարձր ջերմաստիճանի, արևի ուղիղ ճառագայթների ազդեցության, ինչպես նաև մի շարք վարակիչ հիվանդությունների` այս սեզոնին բնորոշ ակտիվացման հետ:

Ամռանը շոգի, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ օրգանիզմի գերտաքացում, արևահարություն, սրտանոթային համակարգի հիվանդագին դրսևորումներ, մաշկի ախտահարումներ և այլն: Բացի այդ, ցավոք, շատ հաճախ մրգերն ու բանջարեղենը բավարար չեն լվացվում, ինչպես նաև շուտ փչացող սննդամթերքը պատշաճ ձևով չի պահպանվում։ Այս և մի շարք այլ գործոններով պայմանավորված, մեծանում է տարբեր հարուցիչներով դրանց աղտոտման վտանգը և օրգանիզմ ներթափանցելու ռիսկը։

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
  • Հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,
  • Օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր)։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողները հեղուկներ ընդունելու, դրանց քանակի հետ կապված հարցերի շուրջ պետք է խորհրդակցեն բուժող բժիշկների հետ,
  • Ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:

Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`

  • Ջուր, որը լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում հոգնածությունը և պայքարում ջրազրկման դեմ,
  • Կաթնամթերք, մասնավորպես` թան և մածուն, որոնք պարունակելով սպիտակուցներ, աղեր և օրգանական թթուներ` հագեցնում են ծարավը,
  • Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ քիչ սառը, որպեսզի ավելի լավ հագեցնեն ծարավը։ Չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
  • Չի կարելի չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,
  • Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
  • Հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել,
  • Արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
  • Ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,
  • Պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց,
  • Այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:

Աղիքային վարակներից և բերանի խոռոչով օրգանիզմ թափանցող վարակիչ այլ հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է.

  • խստագույնս հետևել ձեռքերի հիգիենային՝ հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, ինչպես նաև զուգարանից օգտվելուց հետո,
  • Սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ հոսող ջրով լավ լվանալ,
  • Սննդամթերքը պահպանել սառնարանում` պատշաճ ջերմաստիճանային պայմաններում,
  • Գնել միայն թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
  • Խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի՝ լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց:
  • Խուսափել անհայտ պայմաններում պատրաստված սառույցի օգտագործումից,
  • Չլողանալ բաց արհեստական ջրամբարներում, դեկորատիվ ջրավազաններում,
  • Առավոտյան վաղ և երեկոյան ժամերին հնարավորինս պաշտպանվել միջատների խայթոցներից՝ օգտագործելով միջատներին վանող քսուկներ, պատուհանները և դռները պատել մանրավանդակ ցանցով,
  • Խուսափել ոռոգման ջրով լվացվելուց, միմյանց վրա ցողելուց կամ լողանալուց: