Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Ալցհեյմերի հիվանդության դեմ` 2002-2012թթ. ընթացքում փորձարկված 244 դեղամիջոցներից միայն մեկն է արդյունավետ ճանաչվել, տեղեկացնում է FoxNews -ը:

Ալցհեյմերի հիվանդությունը թուլամտության ամենատարածված դրսեւորումներից մեկն է համարվում: Այն հիշողության կորստի, մտածողունակության եւ վարքագծի հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել: Բուն հիվանդության բուժում դեռեւս չի գտնվել, լավագույն դեպքում` ախտանշաններն են վերացվում:

Միացյալ Նահանգներում այս հիվանդությամբ տառապողների թիվը ներկայումս 5.5 մլն է կազմում եւ, ըստ կանխատեսումների, մինչեւ 2050թ. կարող է 14 մլն-ի հասնել: Կարելի է ասել` հիվանդության բուժման հնարավորությունների փնտրտուքը մինչ այժմ գրեթե զրոյական արդյունքի է հանգեցրել, ինչը կարող է հետագա սերունդների համար ողբերգական հետեւանքներ ունենալ: 

Հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ հիշողության կորստի պատճառը կարծես թե պարզ է: Նախ` բետա-ամիլոիդ սպիտակուցների միահյուսման արդյունքում կարող են այնպիսի հյուսվածքներ առաջանալ, որոնք բջջից բջիջ փոխանցվող ազդանշաններն արգելակելու հատկություն ունեն, սակայն բուն բջիջներին որեւէ վնաս չեն պատճառում: Իսկ ահա տաու-սպիտակուցներից առաջացած հանգույցները կարող են լուրջ վնաս հասցնել դրանց, ինչի արդյունքում էլ հիշողության կորուստ, անհատական որակների փոփոխություններ եւ հիվանդությանը հատուկ այլ ախտանշաններ են ի հայտ գալիս:

Ներկայումս կիրառվող դեղամիջոցների մեծ մասը առաջին տիպի հյուսվածքների քայքայմանն են միտված, իսկ նյարդային բջիջները սպանող հյուսվածքների դեմ պայքարի միջոց դեռեւս չի հայտնաբերվել:

Հիվանդության տնտեսական ասպեկտները եւս լուրջ մտահոգություն են պատճառում: Ալղհեյմերի ասոցիացիայի տվյալներով, 2014 ամերիկացիները 214 մլրդ ԱՄՆ դոլար են ծախսելու` հիվանդության դեմ հնարավոր բուժում ստանալու համար, իսկ ահա 2050թ. ցուցանիշը կարող է 1,2 տրիլիոն դոլարի հասնել:

Մյուս կողմից, Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի միջոց հայտնաբերելու նպատակով իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորման չափը տարեկան ընդամենը 600 մլն դոլար է կազմում` քաղցկեղի համար տրամադրվող 6 մլրդի դիմաց: Մինչդեռ Ալցհեյմերի հիվանդությունը շատ ավելի ընդգրկուն ազդեցություն ունի ամերիկյան տնտեսության վրա:

Անհրաժեշտ բուժամիջոցը գտնելու անհաջող փորձերից պատճառներից մեկը նաեւ այն է, որ կլինիկական փորձարկումների համար անհրաժեշտ ստանդարտներ չեն մշակվել: