Թեեւ տոնական օրերին ճանապարհային ոստիկանությանն առավելապես հարբած վիճակում երթեւեկության ելած վարորդներն են մտահոգություն պատճառում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավտոմեքենայի ղեկին հորանջող մարդիկ ոչ պակաս վտանգ են ներկայացնում հասարակական անվտանգության համար: Հատկապես ամռան ամիսներին, երբ քաղաքացիներից շատերը մայրուղիներով հանգստյան են մեկնում, գրանցված ավտովթարների շուրջ 3 տոկոսը, ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչության տվյալներով, քնի պակաս ունեցող վարորդների պատճառով են տեղի ունենում: 

Ընդհանուր առմամբ, քնի պակասը ԱՄՆ-ում տարեկան ավելի քան 100 հազար վթարների պատճառ է դառնում, որոնց արդյունքում 40 հազար մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստանում, իսկ 1550-ը մահանում է:  Սակայն բերված ցուցանիշներն այնքան էլ ամբողջական չեն, քանի որ հետվթարային զեկույցներ կազմելիս ճանապարհային ոստիկանները խուսափում են, որպես միջադեպի պատճառ, քնի կամ ուշադրության պակասը մատնանշել, հաղորդում է Medical Daily-ն:

Խնդիրը հատկապես նրանով է բարդանում, որ վարորդներից շատերը չեն գիտակցում, որ ուր որ է` կքնեն: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, 25 չափահաս վարորդներից 1-ը վերջին տարիներին առնվազն մեկ անգամ ավտոմեքենա վարելիս քնել է. եւս սա իրենց` վարորդների խոստովանությամբ: Վտանգավոր երեւույթի նկատմամբ հատկապես 16-29 տարեկան տղամարդիկ հակվածություն ունեն: Ռիսկային խմբում են նաեւ հերթափոխով աշխատող, ինչպես նաեւ քնի ապնոե համախտանիշով եւ նարկոլեպսիայով տառապող մարդիկ: Քիչ չեն նաեւ այն վարորդները, որոնք ալկոհոլի, հանգստացնող դեղամիջոցների, քնաբերների, հակադեպրեսանտների կամ անտիհիստամինների ազդեցությամբ են ավտոմեքենայի ղեկին քնում: 

Տրանսպորտային անվտանգության վարչության փորձագետները վարորդներին խորհուրդ են տալիս, քնելու վտանգ զգալու դեպքում, անմիջապես կանգնեցնել մեքենան եւ, ճամփորդությունը շարունակելուց առաջ, մի փոքր քուն առնել: Մասնավորապես, մի քանի բաժակ սուրճը եւ 15-20 րոպե տեւողությամբ քունը լավագույն կարճաժամկետ միջոցն է` քնի վտանգից խուսափելու համար: Պատուհանը իջեցնելու կամ ռադիո միացնելու արդյունավետությունը հետազոտությամբ չի հաստատվել: