Բոլորը գիտեն, որ մարդու օրգանիզմում երկու տիպի ճարպեր են արտադրվում` գորշ եւ սպիտակ, համապատասխանաբար` լավ եւ վատ, հիշեցնում է Medical Daily-ն:

Մինչ սպիտակ ճարպերը հարուստ սնունդից ստացված հավելյալ կալորիաները հետագա կարիքների համար պահպանելու հատկություն ունեն, գորշ ճարպերը, միեւնույն ժամանակ, կալորիաներ վառելու եւ էներգիա արտազատելու գործառույթ են իրականացնում:

Այլ կերպ ասած, սպիտակները որովայնում եւ ստամոքսում կուտակվելու միտում ունեն, իսկ գորշերը` դրանք վառելու: Գորշ ճարպերի` սպիտակ ճարպեր վառելու առաջին հայացքից հակասական թվացող կարողությունը գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել, որոնք հույս ունեն էներգիայի արտազատման միջոցը ողջ աշխարհում «համաճարակի» վերածված մի շարք հիվանդությունների` գիրության եւ շաքարախտի դեմ պայքարին ծառայեցնել:

Եւ ահա, վերջապես, Իսրայելում գործող բժշկական հաստատություններից մեկի գիտահետազոտական խմբին հաջողվել է բացահայտել, թե ինչպես են գորշ ճարպային հյուսվածքները էներգիա արտազատում:  Պարզվում է` IRF4 տրանսկրիպցիոն գործոնը (ԴՆԹ-ի կոնկրետ հերթականությունները միահյուսող եւ գենետիկ տեղեկությունները վերահսկող հատուկ սպիտակուց) կարեւորագույն դերակատարում է ապահովում գորշ ճարպերի ջերմածին գործառույթի շրջանակում:

Դեռեւս տարիներ առաջ պարզ էր դարձել, որ եթե գորշ ճարպերը այդքան կարեւոր դերակատարում ունեն նյութափոխանակության մեջ, ապա կարելի է, դրանց գործառույթները վերահսկելու ճանապարհով, հավելյալ էներգիա արտազատելու հնարավորություն ստեղծել: Հիմա արդեն պարզ է, թե գործընթացը որ գործոնի ազդեցությամբ է տեղի ունենում, այնպես որ բացահայտումը թերապեւտիկ նպատակների ծառայեցնելու հնարավորություն է ստեղծվում: 

Գորշ ճարպերը, որոշ հորմոնների եւ դեղամիջոցների նմանությամբ, ինչպես, օրինակ` էպինեֆրինն է, առավելապես ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ են ակտիվանում եւ մի խումբ ջերմածին գեների ազդեցությամբ էներգիա արտազատում: Հենց այդ գեներից մեկն էլ, որը, գիտնականների գնահատմամբ, ամենակարեւոր դերակատարումն ունի գործընթացում, ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Բոլորովին վերջերս համոզմունք կար, որ մարդու օրգանիզմը տարիքի հետ միասին գորշ ճարպեր կորցնելու հատկություն ունի: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ դրանք, այնուամենայնիվ, չեն սպառվում, այլ պարանոցում եւ մարմնի տարբեր անկյուններում են հավաքվում: Եթե դրանք բոլորը ակտիվացվեն, ապա մարդիկ կարող են գրեթե սրտի ուզածի չափ սնվել` առանց գիրության տհաճ եւ անցանկալի հեռանկարի: