Խանութների վաճառասեղաններին այսօր քիչ չեն «լայթ» նշումով մթերքները, դրանցում, իբր, ավելի քիչ ճարպ, շաքար կամ կալորիաներ են պարունակվում։ Արժե՞ արդյոք գնել նման մթերքներ։ Այս մասին իրենց կարծիքն են հայտնել գերմանացի հետազոտողները՝ վերլուծելով 77 «թեթեւ» մթերքների պարունակությունը։

Շաքարի եւ ճարպի քիչ պարունակությամբ մթերքները շատերին կարող են գրավիչ թվալ։ Եթե խոսքը մյուսլիի տիպի մթերքների մասին է՝ շաքարի ցածր պարունակությամբ, դրանք, գուցե, արժե գնել, եթե շատ եք ուզում հենց մյուսլի ուտել (հասկանալի է՝ ավելի առողջ այլընտրանք կարող էր լինել չզտված հացահատիկեղենից պատրաստված ապուրն առանց շաքարի)։

Տարբեր սոուսների թեթեւ տարբերակները կարող են պարունակել ավելի քիչ կալորիաներ, քան սովորականները, բայց դրանցում կան մոդիֆիկացված օսլա եւ դոնդող, առանց դրանց անհնար է ստանալ անհրաժեշտ բաղադրություն հումքի ցածր ճարպայնության պատճառով։ Մտածեք. ավելի լավ է երբեմն շատ կալորիա ուտեք, քան քիմիական հավելումներ։ Հենց այս պատճառով «լայթ» սոուսներն ավելի լավ  է չգնել, իսկ գնելիս ցանկալի է ուշադիր ուսումնասիրել բաղադրությունը։

Ճարպի քիչ պարունակությամբ հարած սերուցք ընտրելը նույնպես այնքան էլ լավ միտք չէ։ Բանն այն է, որ ցածր կալորիականությամբ սերուցքի մեջ սովորաբար կա արմավի յուղ, որը շատ ճարպաթթուներ է պարունակում, եւ որը կարող է անվտանգ չլինել առողջության համար։ Մասնագետների խոսքով՝ ավելի լավ է նախապատվությունը տալ սովորական, բնական սերուցքներին կամ դրանք փոխարինել կաթով։

«Լայթ» մթերքների վտանգներից մեկն էլ այն է, որ մարդիկ, մտածելով, որ դրանք օգտակար են, սովորականից ավելի շատ են դրանք ուտում՝ դրանով իսկ ավելի շատ կալորիաներ ու հավելումներ ստանալով, որոնք օգտագործվում են այդ մթերքները պատրաստելիս։ Նման մթերքները կարող են հանգեցնել քաշի ավելացման եւ այլ խնդիրների, եւ դրանք ավելի առողջ ու օգտակար համարելը առնվազն միամտություն է։