Ամանորօրյա տոներին հաշված օրեր են մնացել․ առեւտրի խելահեղ մրցավազքը սկսված է։ Ոմանք արդեն սկսել են պատրաստել ամանորյա սեղանի սիրելի ուտելիքները, ոմանք էլ այս հարցում ավելի զգուշավոր են։

Տոնական օրերին ամենահաճախ հանդիպող խնդիրներից են սննդային եւ ալկոհոլային թունավորումները։ Ինչպե՞ս խուսափել դրանցից։ Գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանը հորդորում է տնային տնտեսուհիներին աղցանները, ճաշատեսակները պատրաստել հնարավորինս քիչ չափաբաժնով, թեկուզ եւ դրանք պահվում են սառնարանային պայմաններում, երկար ժամանակ դրանք չթողնել սեղանին։ Այն աղցանները, որոնց մեջ պարունակվում են սունկ եւ ձու, պետք է պատրաստել մաքսիմում 2 օրվա համար։

Խումհարից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս տարբեր խմիչքներ չխառնել իրար։

«Ցանկալի է, որ եթե առավոտյան սկսել ենք կոնյակով, ավարտենք կոնյակով, եթե գինիով, նմանապես՝ գինիով։ Ալկոհոլը ցանկալի է օգտագործել ճարպոտ սննդի հետ, կարտոֆիլի ու կարագի հետ, այդ ժամանակ ալկոհոլի ներծծումը ավելի դանդաղ է լինում ու կարող ենք խուսափել խումհարից»։  

Իսկ եթե արդեն կա խումհար, դրանից հեշտ ազատվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել շատ հեղուկներ՝ մասնավորապես առանց հավելումների թեյ, կաթ, թան։

«Եթե խումհարի օրը կրկին ալկոհոլ եք օգտագործելու, նախընտրելի է, որ ալկոհոլի չափաբաժինը լինի ավելի քիչ, քան նախորդ օրը, օրինակ՝ եթե նախորդ օրը խմել եք օղի, խումհարի օրը կարող եք օգտագործել գինի, որի մեջ ալկոհոլի չափաբաժինը քիչ է»։

Մարիաննա Մալխասյանի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր ունեն աղեստամոքսային համակարգի խրոնիկ հիվանդություններ, լեղաքարային հիվանդություններ, փորկապություններ, լյարդային պաթոլոգիաներ, ցանկալի է՝ տոնական օրերին որոշակի սահմանափակումներ մտցնեն իրենց ստննդակարգում։

«Օրինակ՝ փորկապության դեպքում, բացառեն կոշտ կճեպ ունեցող մրգերը, կորիզ պարունակող մթերքները, նաեւ մեր հայկական խաղողի թփով պատրաստված տոլման, քանի որ դրանք կարող են անանցանելիության պատճառ դառնալ։ Խրոնիկ լյարդային անբավարարություն եւ պաթոլոգիաներ ունեցող հիվանդները պետք է ընդհանրապես իրենց սնդակարգից բացառեն ալկոհոլի օգտագործումը։ Հորդորում եմ, որ եթե այս օրերին ունենաք ցավ էպիգաստրիալ շրջանում, աջ թուլակողում, որը որ գոտեւորող է եւ ճառագայթվում է թիակ, ապա տնային պայմաններում ոչ մի տեսակի թուրմեր, տաք թրջոցներ, ցավազրկողներ չօգտագործեք, որովհետեւ մենք կարող ենք բաց թողնել բավականին լուրջ հիվանդությւոններ»։

Իսկ ինչպե՞ս հասկանալ սննդամթերքը պիտանի է օգտագործման համար, թե ոչ։ Մասնագետը սրա վերաբերյալ նույնպես խորհուրդներ ունի․

«Կարող են լինել դեպքեր, երբ սննդամթերը լինի ժամկետի մեջ, սակայն պիտանի չլինի օգտագործման համար։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ուտելիքի համին, հոտին, գունային ցուցանիշին։ Գոյություն ունեն ռիսկային խմբեր, դա տարեցներն են, մանկահասակ երեխաները, հղիները, կերակրող մայրերը։ Նրանք ավելի զգոն պետք է լինեն, չափավոր ուտեն, ցանկալի է առավոտյան ժամերին բանջարեղենային աղցաններ ուտեն, ավելի ծանր ուտելիքներ օգտագործեն ցերեկվա ժամերին, քնելուց 3 ժամ առաջ չօգտագործեն ուտելիքներ, որոնք կարող են ունենալ հետեւանքներ»։

Անդրադառնալով դրսում վաճառվող սննդին, մասնագետը նշեց, որ խորհուրդ չի տրվում գնել այնպիսի տեղերից, որտեղ վաճառվող մթերքն անհայտ ծագման է։

«Ցանկացած խելացի անհատ պետք է ուշադրություն դարձնի սնունդը գնելիս, թե հիգիենայի կանոնները որքանով են պահպանված, անցել են համապատասխան ջերմային մշակում, բնականաբար փողոցից գնված մթերքը վտանգ է ներկայացնում, ես խորհուրդ չեմ տա գնել»։