ԱՄՆ Կանզաս նահանգի 9-ամյա բնակչուհի Հելլի Յուրստը (Hally Yust) գլխուղեղի հյուսվածքներով սնվող Naegleria fowleri ամեոբայի զոհն է դարձել, հաղորդում է FoxNews-ը:
Ջրային սպորտաձեւերի սիրահար Հելլին հաճախ էր նահանգի բաց ջրամբարներ այցելում, այնպես որ, առողջապահության նախարարության տեղական մարմնի ներկայացուցիչների հաղորդմամբ, դեռեւս դժվար է միանշանակ ասել, թե որտեղ կարող էր մահաբեր վարակը փոքրիկի օրգանիզմ անցնել:
Ընթացիկ ամռան ամիսներին սա Միացյալ Նահանգներում նեգլերիազի (Naegleria fowleri-ով վարակման) առաջին դեպքը չէ: Vahlkampfiidae ընտանիքին պատկանող պարզագույն մանրէի այս տեսակը դեռեւս 1960-ական թվականներին՝ Ավստրալիայում է առաջին անգամ նկարագրվել: Մակաբույծը բնական ջրավազաններում՝ լճերի եւ գետերի հատակին՝ ջրիմուռների եւ այլ մանրէների հաշվին է բազմանում, սակայն կարող է նաեւ լողավազաններում հանդիպել: Այն քթանցքերով մարդու օրգանիզմ է ներթափանցում եւ հոտառական նյարդի անցուղով, ճանապարհին հյուսվածքների մեջ թունելներ փորելով, դեպի ուղեղը շարժվում, որտեղ սկսում է, օրգանի հյուսվածքները խժռելով, առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ հրահրել: Հիվանդության վաղ ախատնշաններն են՝ քարացող պարանոցը, գլխացավերը, բարձր ջերմաստիճանը եւ սրտխառնոցը: Ավելի ուշ հալյուցինացիաներ, ուղեղին պատճառված վնասի արդյունքում՝ վարքագծի փոփոխություններ, ցնցումներ եւ կոմա կարող է առաջանալ: Որպես կանոն, առաջին նախանշանների ի հայտ գալուց հետո՝ 3-7 օր անց հիվանդը մահանում է:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, 1995-2004թթ. ընթացքում լճային ամեոբան ԱՄՆ-ում 23 մարդու մահվան պատճառ է դարձել, իսկ 2007թ. մահաբեր մանրէի՝ Naegleria fowleri-ի մեղքով 6 մարդ է մահացել: 2011թ. գրանցված չորս դեպքերից երկուսի պարագայում մակաբուծը ջրատար խողովակի, իսկ մյուս երկու դեպքերում՝ բաց ջրամբարի միջոցով է զոհերի օրգանիզմ ներթափանցել, ինչի արդյունքում չորսն էլ մահացել են: Ամեոբայի բացահայտման օրվանից ի վեր մահաբեր վարակի պատճառով մահացության հարյուրավոր դեպքեր են գրանցվել, իսկ ապաքինման դեպքերն ընդամենը չորսն են: Երեք դեպքերում, որոնցից երկուսը Կալիֆորնիայում, եւ մեկը՝ Մեքսիկայում է գրանցվել, ցածր վարակողականության շտամ էր գործում, սակայն 2013թ. ամռանը Քելի Հարդիգի օրգանիզմ անցած վարակը բոլորովին էլ ցածր վարակողականություն չուներ: Այնուամենայնիվ, Միլտեֆոզին անունը կրող փորձարարական դեղամիջոցի օգնությամբ ամերիկացի բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը:
Նույն տարի՝ ամռանը, եւս երկու ամերիկացի երեխաներ մահաբեր վարակի զոհն էին դարձել:






