Բոլորը գիտեն, որ ամռանը արեւի՝ մաշկի քաղցկեղի առաջացման վտանգով հղի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար արեւայրուքի դեմ քսուք պետք է օգտագործել: Սակայն արդյո՞ք մարմնի բոլոր մասերն են դրանով ծածկվում:
Կարո՞ղ եք հիշել, թե վերջին անգամ երբ եք ականջները արեւայրուքի դեմ քսուքով պաշտպանել: Նույնը կոպերին, շրթունքներին եւ մարմնի մի շարք այլ մասերին է վերաբերում:
Ուրեմն որո՞նք են մարմնի այն հատվածները, որոնք սովորաբար անպաշտպան են մնում.
1. Ականջներ
Մաշկի քաղցկեղի ամերիկյան հիմնադրամի նախաձեռնությամբ 2007թ.-ին իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ հիվանդության զարգացման համար մարմնի՝ երրորդ ամենախոցելի հատվածը ականջներն են համարվում:
2. Կոպեր
Կոպերը արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու լավագույն միջոցը արեւային ակնոցներն են համարվում: Բայց եթե չեք ցանկանում դեմքի երանգային տարբերակումներ ձեռք բերել՝ կարող եք արեւից պաշտպանության գործոնի (SPF - sun protection factor) պարունակությամբ խոնավեցնող քսուք օգտագործել: Կոպերի մաշկն այն առավել արդյունավետ կկլանի, քան եթե արեւայրուքի դեմ քսուք կիրառեք:
3. Շրթունքներ
Այստեղ էլ հատուկ՝ SPF պարունակությամբ բալզամը կարող է օգնության հասնել: Հիշեք, որ ինչ-որ բան ուտելուց կամ խմելուց հետո շրթունքները կրկին պաշտպանել է պետք: Շրթունքների քաղցկեղը 50 տարեկանից բարձր՝ առավելապես բաց գույնի մաշկ ունեցող տղամարդկանց մոտ է հանդիպում, հատկապես՝ ստորին շրթունքի վրա, քանի որ այն ավելի շատ է արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը ենթարկվում:
4. Ոտնաթաթի վերին մասը
Անկենդան բջիջների հաստ շերտի շնորհիվ ոտքի ներբանը պաշտպանված է արեւի անցանկալի ազդեցություններիղ, սակայն ոտնաթաթի վերին մասը, հատկապես երբ հողաթափեր կամ բաց կոշիկներ եք կրում, միանգամայն խոցելի են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:
5. Գլխամաշկ
Մազերն ի վիճակի չեն գլխամաշկի՝ արեւի ճառագայթներից 100 տոկոսանոց պաշտպանություն ապահովել: Հատկապես եթե մազաթափության հետ կապված խնդիրներ ունեք՝ հարկ է անպայման գլխարկ կրել, կամ էլ՝ արեւայրուքի դեմ քսուքին ապավինել: Ճիշտ է՝ այդպես էլ մազերն եք աղտոտում, բայց՝ ի՞նչ արած:
Ստորեւ մի քանի այլ խորհուրդներ ենք ներկայացնում՝ արեւայրուքի դեմ քսուքի արդյունավետ օգտագործման համար.
• Նվազագույնը 15 SPF-ով քսուք ընտրեք: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան ավելի լավ պաշտպանված կլինեք արեւից:
• Կես ժամ եւ ավելի ժամանակով տնից դուրս գալու դեպքում 20-30 րոպե առաջ քսուքով պաշտպանվեք: Մասնավորապես, լողափին պաշտպանվելն արդյունավետ չէ, քանի որ քրտնարտադրությունը քսուքի դեմ է աշխատում:
• Նույնիսկ եթե քսուքի պիտակին գրված է, որ այն ի վիճակի է 24 ժամ պաշտպանել ճառագայթներից, հարկ է երեք, իսկ լողափին կամ չափազանց ուժեղ արեւի դեպքում՝ 1-2 ժամը մեկ պաշտպանիչ շերտը թարմացնել:
• Չմոռանաք մարմնի բոլոր՝ բաց հատվածքները քսուքով ծածկել:
• Քսուքի շերտի հաստությունը չափավոր պետք է լինի: Քսելիս երբեք մի տրորեք այն:
• Արեւայրուքի դեմ քսուքը նախքան դիմահարդարումն օգտագործեք:






