Նիհարել ցանկացող մարդկանցից շատերը կրկնում են միեւնույն սխալը. սկսում են հազվադեպ ուտել՝ օրական ընդամենը 1-2 անգամ: Ընդ որում՝ նրանց նիհարել չի հաջողվում, ավելին՝ այդպիսի սննդակարգի դեպքում նրանք կարող են գիրանալ:

Իրականում սնունդ ընդունելու թվի կրճատումը առողջ սնվելու բազային կանոնների կոպտագույն խախտում է: Այն չի օգնի նիհարել, քանի որ որքան մեծ են սնունդ ընդունելու ընդմիջումները, այնքան մեծ է քաղցած լինելու մշտական զգացումը, որը ծագում է արյան մեջ գրելինի նման համապատասխան հորմոնների արտանետումներով եւ հիպոթալամուսի սննդային կենտրոնի գրգռմամբ: Հենց այս պատճառով է օրական երկու անգամ սնունդ ընդունող մարդն արդյունքում ավելի շատ կալորիաներ ուտում, քան 4-5 անգամի դեպքում: Եվ հենց այս պատճառով նիհարելու, ինչպես նաեւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ ուտել օրական 4-5 անգամ:

Մասնագետների խոսքով՝ քաղցած վիճակում օրգանիզմը միանում է հատուկ ռեժիմի, երբ յուրաքանչյուր կալորիան պաշարվում է ճարպային շերտերի տեսքով: Մարմինը քաղցը գնահատում է որպես էքստրեմալ վիճակ եւ սկսում «սեւ օրվա համար» պաշարներ հավաքել: Իսկ եթե մարդը հաճախ է ուտում եւ քիչ-քիչ, նրա օրգանիզմը «սպառնալիք» չի տեսնում, ուստի եւ սննդարար նյութեր չի պաշարում եւ ավելի շատ կալորիա է այրում:

Իհարկե, հաջողությամբ նիհարելու համար բավարար չէ հաճախակի ուտելը, հարկավոր է նաեւ վերահսկել կերակրաբաժնի որակը: Ցանկալի է քիչ ուտել խմորային, յուղոտ, քաղցր, տապակած ճաշատեսակներ, ավելի շատ ուտել մրգեր եւ բանջարեղեն, սնդային մանրաթելերի մեծ քանակությամբ մթերքներ, որոնք դանդաղեցնում են մարսողության պրոցեսները, բայց երկար ժամանակ կուշտ լինելու զգացողություն են ապահովում:

Ավելին՝ ավելորդ քաշից հաջողությամբ ազատվելու համար ցանկալի է նաեւ չմոռանալ ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին: