Աղացած սուրճ ամեն քայլափոխի կարելի է ձեռք բերել, իսկ կաֆեինի փոշին հիմնականում համացանցի օգնությամբ են պատվիրում: Խոսքը, մասնավորապես, Amazon ծառայության մասին է, որը 14,99 ԱՄՆ դոլարի դիմաց 500 գրամ գերխթանիչ է առաջարկում: ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը զգուշացնում է, որ փոշու չարաշահումը կարող է մահացու վտանգ պարունակել: Մասնավորապես, գնորդները պետք է տեղյակ լինեն, որ մեկ թեյի գդալ կաֆեինի փոշին 25 բաժակ սուրճի չափով ազդեցություն է ապահովում, հաղորդում է Medical Daily-ն:

Թեման ամերիկյան վարչության ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ տեղեկություններ էին ստացվել, որ կաֆեինի փոշու մեծ չափաբաժինը Օհայո նահանգի բնակիչներից մեկի՝ 18-ամյա Լոգան Ստեյների մահվան պատճառն է դարձել: Մասնավորապես, փոշին չարաշահելու կամ միանգամից մեծ չափաբաժնով ընդունելու արդյունքում սրտի առիթմիա, փսխում, փորլուծություն, ցնցումային նոպա եւ կողմնորոշման կորուստ կարող է առաջանալ: Այլ կերպ ասած՝ կաֆեինի փոշին, ազդեցության առումով, անհամեմատելի է սովորական սուրճի հետ: Սուրճի սիրահարները վատագույն դեպքում ցնցումներ կարող են ունենալ կամ՝ գերնյարդային վիճակում հայտնվել: Բացի այդ, կաֆեինի փոշու անվտանգ եւ մահացու չափաբաժնի միջեւ սահմանն աննշան փոքր է:

Սովորական սպառողներն անկարող են, խոհանոցային գործիքների օգնությամբ, խթանիչի անհրաժեշտ քանակության ճշգրիտ չափումներ անել: Երբեմն դա նույնիսկ սննդամթերքի տարբեր տեսակների մեջ կաֆեին ներառող ընկերություններին չի հաջողվում անել: