Սովորություններում որոշ պարզ փոփոխություններ կարող են օգնել մեծացնել քնի որակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Huffington Post-ին:

Առաջին հերթին խորհուրդ է տրվում քնելուց առաջ նորություններ չնայել:

Քնելուց առաջ լարված խոսակցությունները եւս բացասաբար են ազդում քնի որակի վրա, այդ պատճառով դրանցից ցանկալի է հրաժարվել: Հետազոտությունները ցույց են տվել, որ բացասական էմոցիաները գիշերն ավելի դժվար է «մարսել», քան ցերեկը:

Քնի որակի վրա բացասաբար է ազդում նաեւ հենց անկողնու մեջ աշխատելու սովորությունը: Մասնագետների խոսքով՝ անկողինը պետք է ասոցացվի քնի եւ սեքսի հետ, այլ ոչ թե աշխատանքի:

Չափազանց վնասակար է նաեւ գիշերը հեռախոսների օգտագործումը: Լույսը վառած եւս պետք չէ թողնել, քանի որ «քնի հորմոնը»՝ մելատոնինը, արտադրվում է միայն մթության մեջ:

Ինչ վերաբերվում է ֆիզիկական վարժություններին,շատերը կարծում են, որ եթե երեկոյան ֆիզիկական վարժություններից հոգնածություն առաջանա, ապա ավելի լավ կլինի քնի որակը, սակայն իրականում հակառակն է:

Ավելորդ գրգռում ստեղծում են նաեւ կոֆեինով եւ ալկոհոլով խմիչքները, այդ պատճառով քնելուց մի քանի ժամ առաջ խորհուրդ է տրվում դրանցից հրաժարվել: