Այսպես կոչված մոնոդիետաները, որոնք սննդակարգի երկարատեւ սահմանափակում են ենթադրում, կարող են աղետալի հետեւանքների հանգեցնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության համար: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում, ի պատասխան դիտարկման, թե համացանցում սննդակարգի բազմաթիվ տեսակներ են շրջանառվում, եւ, մասնավորապես, մեծ հեղինակություն է վայելում կեֆիրային դիետան, նման համոզմունք է հայտնել Da Vinci բժշկական հաստատության դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

«Համացանցում ամեն օր դիետայի բազմաթիվ եւ տարատեսակ միջոցների նկարագրություններ են հայտնվում, որոնց հետեւից ֆիզիկապես հնարավոր չէ հասնել, եւ, եթե անկեղծ լինենք, հարկավոր էլ չէ: Դիետան պետք է առողջ եւ հավասարակշռված սննդակարգ լինի՝ առողջության պահպանման, կյանքի որակի բարելավման եւ երկարաձգման համար: Առողջ մարդու սննդակարգի անօրինաչափ սահմանափակում ենթադրող միջոցները դիետա կոչվելու իրավունք չունեն», - նշել է մասնագետը՝ մեկնաբանելով, թե մարդու առողջությունը, մարմի եւ օրգանների բարեկեցությունն ուղղակիորեն սննդակարգի բաղադրիչ մթերքների կազմից է կախված:

Բացի սպիտակուցներից, ճարպերից ու ածխաջրատներից, որոնք սննդակարգի հիմքն են կազմում, մարդու օրգանիզմը նաեւ մեծ քանակությամբ, թե մինյանց, եւ թե սննդակարգի հիմնական բաղադրիչների հետ հավասարակշռված համադրությամբ վիտամինների ու միկրոտարրերի կարիք ունի: Հավասարակշռված սննդակարգը հատկապես նշանակալի կարեւորություն ունի երիտասարդ, աճող օրգանիզմի համար, երբ հիմնական՝ կենսական նշանակայություն ունեցող համակարգերի, մասնավորապես՝ բազմաթիվ բարդ գործառույթներ իրականացնող եւ նորմալ աճի ու զարգացման, սեռական կյանքի ապահովման համար հսկայական անհրաժեշտություն ներկայացնող հորմոնների արտազատման համար պատասխանատու գեղձերի՝ էնդոկրին համակարգի ձեւավորումն է ընթանում:

«Վերը հիշատակվածը հաշվի առնելով՝ միանգամայն հասկանալի է դառնում տրամաբանական եզրահանգումն առ այն, որ այսպես կոչված մոնոդիետաները, որոնք սննդակարգի երկարատեւ սահմանափակում են ենթադրում եւ որոնց նկատմամբ հատկապես առավելամոլությամբ աչքի ընկնող եւ ամենակարճ ժամկետներում մարմնի ցանկալի կառուցվածքի ձգտող երիտասարդ սերունդն է հակումներ դրսեւորում, կարող են աղետալի հետեւանքների հանգեցնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության համար», - մեկնաբանել է դիետոլոգը:

Անդրադառնալով «դիետայի» կոնկրետ տեսակին, Հ. Աբովյանը նշել է, որ կեֆիրը շատ լավ, ստամոքսաաղիքային տրակտի նորմալ գործառնության համար անհրաժեշտ լակտոբակտերիաներ պարունակող «կենդանի» մթերք է հանդիսանում: Ասել է, թե՝ այն իր ցանկալի տեղն ունի մարդու սննդակարգում, բայց մոնոմթերքի տեսքով երկարատեւ օգտագործման դեպքում կարող է գաստրիտի զարգացման եւ այլ ստամոքսաաղիքային հիվանդությունների սրացման հանգեցնել:

Բացի այդ, դիետոլոգի համոզմամբ, օրգանիզմը սննդակարգի կարեւորագույն բաղադրիչ համարվող բջջանյութով, վիտամիններով եւ միկրոտարրերով հարուստ բանջարեղենից, մրգերից եւ ընդեղենից, ինչպես նաեւ պոլի-ոչ հագեցած ճարպաթթուներով հարուստ ձկնեղենից եւ սննդամթերքի այլ օգտակար տեսակներից զերծ պահելով, հնարավոր է լուրջ առողջական խնդիրների բախվել:

«Լիարժեք սննակարգից զերծ պահվող մաշկը կարող է հյուծվել եւ թառամել, կնճիռներով ծածկվել, մազերն էլ՝ կարող են թափվել, իսկ եղունգները՝ փշրվել: Երկարաժամկետ մոնոդիետայի, այդ թվում՝ կեֆիրայինի պատճառած վնասները կարելի է անվերջ թվարկել: Այդուհանդերձ, շաբաթական մեկ-երկու անգամ սննդակարգի վերբեռնումը՝ մեկուկես լիտր կեֆիրի տեսքով (եթե, իհարկե, թթվայնության հետ կապված խնդիրներ եւ ստամոքսաաղիքային համակարգի այլ հիվանդություններ չունեք), կարող է առողջության պահպանման հրաշալի միջոց ծառայել:

Վերջաբանի փոխարեն կցանկանայի ընդգծել՝ հավելյալ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է ճիշտ եւ հավասարակշռված՝ սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրատների, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ վիտամինների ու միկրոտարրերի ամբողջական կազմ ենթադրող սննդակարգ ընտրել», - ընդգծել է Հասմիկ Աբովյանը: