Վերջին տարիներին որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել թե հայ զույգերի սեռական կյանքում, թե նրանց՝ սեռական հարցերի հանդեպ վերաբերմունքում, կարծում է սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

Նախեւառաջ, բժիշկի կարծիքով՝ մի շարք կարծրատիպեր կոտրվել են՝ նախորդ տարիների համեմատ: Ամուսնական զույգերը սկսել են առավել շատ կարեւորել սեռական կյանքի որակական կողմը, իսկ խնդիրների ի հայտ գալու դեպքում քննարկում են դրանք եւ աշխատում լուծել: Եթե խնդիրն ինքնուրույն լուծել չի ստացվում, զույգերը պատրաստակամորեն դիմում են մասնագետի. վերջերս, Սեւադա Հակոբյանի խոսքով, զույգերը սկսել են ավելի հաճախ սեքսապաթոլոգի դիմել, քան նախկինում:

«Սա գովելի է, որովհետեւ ընտանեկան սեռական խնդիրները հեշտությամբ լուծվում են եւ մեծ ջանքեր չեն պահանջում: 21-րդ դարում պարզապես ամոթ է սեռական խնդիրների պատճառով ամուսնալուծություններ ունենալ», - նշել է բժիշկը:

Սեւադա Հակոբյանը ասել է նաեւ, որ վերջին տարիներին կարելի է եւս մեկ դրական միտում նկատել. ընտանիք կազմելուց առաջ շատերն այսօր սկսել են մասնագետի այցելել: Նախեւառաջ, դա հնարավորություն է տալիս երիտասարդներին որոշակի հետազոտություններ անցնել եւ պարզել, որքանով են նրանք առողջ եւ արդյոք չունեն խնդիրներ, որոնց ցանկալի է լուծել՝ մինչեւ ամուսնությունը: Սեքսոլոգիական խորհրդատվության ժամանակ երիտասարդները նաեւ կարեւոր ինֆորմացիա եւ գիտելիքներ են ստանում սեռական կոնստիտուցիոնալ տիպերի, համատեղելիության եւ մի շարք այլ բաների մասին: Այդ գիտելիքների շնորհիվ նրանք ավելի պատրաստ են լինում ապագա ամուսնական սեռական կյանքին, եւ այն ավելի ներդաշնակ է լինում: