Հետաքրքիր կլինիկական դեպք է հրապարակվել Annals of Internal Medicine գիտական ամսագրում՝ նույնական երկվորյակների մոտ գենետիկայի եւ արտաքին ազդեցության նույն գործոնների դեպքում կորոնավիրուսային վարակի ընթացքի ծանրությունը տարբեր է եղել:
Պացիենտների մեծ մասի մոտ COVID-19-ն ընթանում է թեթեւ ձեւով, բայց որոշ մարդկանց մոտ կարող են վտանգավոր բարդություններ առաջանալ: COVID-19-ով հոսպիտալացման, ծանր ընթացքի եւ մահվան ռիսկի որոշ գործոններ արդեն հայտնի են՝ առաջին հերթին դրանք ծերությունն ու քրոնիկ հիվանդություններ են: Սակայն դրանք միշտ չէ, որ կարող են բացատրել հիվանդության ծանրությունը:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ պատճառների թվում, որոնք ենթադրաբար նույնպես կարող են բացատրել հիվանդների մոտ COVID-19-ի ընթացքի տարբերությունը, գենետիկ առանձնահատկություններն ու շրջակա միջավայրի ազդեցությունն են:
Գիտնականները գնահատել են երկու նույնական (միաձվանի) երկվորյակների՝ 60 տարեկան տղամարդկանց մոտ COVID-19-ի ընթացքի վրա տարբեր գործոնների ազդեցությունը: Այս երկվորյակները գեների նույն խմբաքանակն ունեն, ուստի նրանց հետազոտությունը օգնում է հասկանալ գենետիկայի դերը որոշակի հիվանդությունների զարգացման մեջ: Պետք է նշել նաեւ, որ երկու եղբայրներն էլ չեն ունեցել քրոնիկ հիվանդություններ եւ այլ հայտնի գործոններ, որոնք կապված են COVID-19-ի ծանր ընթացքի հետ: Նրանք միասին են ապրում եւ նույն աշխատանքն են կատարում (մեքենաների նորոգում), այսինքն՝ նրանց վրա հիմնականում ազդել են շրջակա միջավայրի նույն պայմանները: Ամենայն հավանականությամբ, նրանք վարակվել են նույն մարդուց:
Երկվորյակների առաջին ախտանիշները նման են եղել՝ քթի փակվածություն, շնչարգելություն, թուլություն եւ չոր հազ: Հիվանդության 10-րդ օրը, վիճակի վատթարացման պատճառով, երկուսն էլ հոսպիտալացվել են, եւ երկուսի մոտ էլ թեթեւ թոքաբորբ է հայտնաբերվել: Երկուսի վիրուսային բեռն էլ մոտավորապես նույնն է եղել:
Հիվանդանոցում երկու երկվորյակներին բուժել են նույն խմբի բժիշկները եւ երկու շաբաթվա ընթացքում նրանք նույն բուժումն են ստացել: Սակայն երկու շաբաթ անց երկվորյակներից մեկը դուրս է գրվել ապաքինվելուց հետո (առանց բարդությունների), իսկ երկրորդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, եւ նրան նույնիսկ թոքերի արհեստական օդափոխություն է պահանջվել՝ նրա մոտ շոկ է առաջացել՝ կապված նաեւ բակտերիալ վարակի հետ: Դրանից հետո նա եւս 17 օր անցկացրել է սովորական բաժանմունքում եւ ապաքինվելուց հետո դուրս է գրվել:
Ուսումնասիրության եզրակացություններում գիտնականները նշում են, որ իրենց նկարագրած դեպքում հիվանդության ընթացքի տարբերությունների վրա դժվար թե ազդեին գենետիկ առանձնահատկությունները, շրջակա միջավայրի գործոնները, տարիքը եւ քրոնիկական հիվանդությունների առկայությունը, այսինքն` գրեթե բոլոր հայտնի ռիսկի գործոնները:






