10 տարի է՝ թիրեոտոքսիկ զոբ ունեմ, սիստեմատիկաբար էուտիրոքս եմ խմել, հիմա ռեմիսիայի վիճակ է: Բայց ինձ անհանգստացնում է շատ բարձր խոլեստերինի ցուցանիշը՝ 305, երբ նորմայի մաքսիմումը 130 է, ինչպես նաեւ մազաթափությունը: Շատ շնորհակալ կլինեմ, եթե ասեք՝ ինչ ռեալ արդյունք տվող միջոց կարելի է կիրառել: Ա.Ա.

Նախքան հարցին պատասխանելը կցանկանայի նշել, որ հարցի համատեքստում տրամադրվող տեղեկատվությունն ամբողջական չէ: Ախտորոշում իրականացնելու եւ հիվանդի առողջական վիճակը գնահատելու, ինչպես նաեւ համարժեք բուժում նշանակելու համար լուրջ լաբորատոր, ուլտրաձայնային եւ բազմաթիվ այլ բնույթի հետազոտություններ են հարկավոր: Հիվանդի օբյեկտիվ զննման արդյունքները, նրա սեռը, տարիքը եւ մի շարք այլ տեղեկություններ եւս մեծ կարեւորություն են ներկայացնում:

Բժիշկը չի կարող հեռակա կարգով նշանակումներ անել: Ասվածին կարող եմ միայն հավելել, որ եթե հիվանդը իգական սեռի է, մազաթափությունն ու խոլեստերինի բարձր մակարդակը հնարավոր է՝ արտահայտված հիպոտիրեոզի մասին են վկայում, որն, ամենայն հավանականությամբ, վահանաձեւ գեղձի թունավոր խպիպի առաջացման դեպքերի մեծամասնության պարագայում նշանակվող թիրեոստատիկ դեղամիջոցների երկարատեւ օգտագործման եւ ներկայումս ընդունվող դեղամիջոցի՝ էուտիրոքսի անհամաչափ՝ ճշգրտման ենթակա չափաբաժիններով ընդունման արդյունքում է զարգացել:

Բայց մեկ անգամ էլ կրկնեմ, որ մի շարք հավելյալ տեղեկությունների կարիք է զգացվում՝ բողոքների իրական պատճառների մասին օբյեկտիվ դիտարկումներ իրականացնելու համար: Օրինակ՝ հարկավոր է մազաթափության տեսակը գնահատել. տարատեսակ էնդոկրին հիվանդությունների դեպքում այն տարբերակվող բարդությամբ եւ տեղայնացմամբ է ի հայտ գալիս: Բացի այդ էլ՝ մազաթափության պատճառը կարող է որեւէ առնչություն չունենալ վահանաձեւ գեղձի հիվանդության հետ:

Հարկավոր է նաեւ հիպերխոլեստերինեմիայի (արյան մեջ խոլեստերինի բարձր բաղադրություն) պատճառները գնահատել եւ բուժում նշանակել, քանի որ այն չափազանց լուրջ եւ նույնիսկ՝ կյանքի համար վտանգավոր հետեւանքներով է հղի: Հնարավոր է՝ այս դեպքում էլ էուտիրոքսի անհամարժեք չափաբաժիններով ընդունման հետեւանքի հետ գործ ունենք: Թեեւ բազմաթիվ այլ պատճառների առկայությունն էլ չի բացառվում: Այնպես որ, գրագետ եւ համարժեք բուժում ստանալու համար, հարկավոր է բժշկի մոտ այցելության գնալ:

Բարեւ Ձեզ: Խնդրում եմ՝ պատասխանեք իմ հետեւյալ հարցին: Մեկ ամիս առաջ հետազոտել եմ վահանաձեւ գեղձս, եւ ուլտրաձայնային հետազոտության պատասխանը եղել է հետեւյալը՝ վահանաձեւ գեղձի ձախ բլթի ադենոմատոզ հանգույց: Հանգույցը 6 սմ չափի կառուցվածքով անհամասեռ անեխոգեն կիստոս կոլոիդ բնույթի: Ասացեք, խնդրեմ, պարտադի՞ր է արդյոք վիրահատությունը, եւ հանգույցը կարո՞ղ է չարորակ ուռուցքի վերափոխվել. ի դեպ, այն եզակի է: Նախապես շնորհակալ եմ: Ջ.Մ.

Հանգույցի նշված չափը՝ 6 սմ, բավականին մեծ է: Այսպիսի հանգույցը ոչ միայն կարող է զուտ էսթետիկ տեսանկյունից անհանգստացնել մարդուն, այլ նաեւ՝ լուրջ անհարմարության զգացում առաջացնել վահանաձեւ գեղձի շրջանում: Բացի այդ էլ, ձայնի խռպոտութուն, կուլ տալիս՝ ցավ եւ բազմաթիվ այլ ախտանշաններ կարող են ի հայտ գալ, թեեւ դրանց առկայությունը բոլորովին էլ պարտադիր չէ:

Այդուհանդերձ, մեծ չափեր ունեցող ադենոմատոզ հանգուցները կարող են վիրաբուժական միջամտություն պահանջել, քանի որ չարօրակ բջիջներ պարունակելու կամ կրծքավանդակի հատված տարածվելու սպառնալիք են ներկայացնում: Եթե ադենոմատոզ ուռուցքը հեղուկ պարունակող կիստայի է վերաճել, ընդ որում՝ հեղուկը կարող է տարբեր որակների լինել, կարելի է ասեղի օգնությամբ հեռացնել այն եւ վահանաձեւ գեղձի հորմոնների կարգավորմանը միտված դեղամիջոցներ նշանակել: Ճիշտ է՝ հեղուկի կուտակում հետագայում էլ կլինի, բայց՝ աստիճանաբար նվազող ծավալներով:

ակայն կցանկանայի ընդգծել, որ հիվանդին բուժման մեթոդի ընտրության վերաբերյալ կոնկրետ խորհրդատվություն տրամադրելու համար հարկավոր է բժշկի մոտ այցելության ընթացքում մանրազննին հետազոտության, մասնավորապես՝ հանգույցի բաղադրության բիոպսիայի ենթարկվել:

Ընկերուհիս արյան մեջ ինսուլինի բարձր բաղադրություն ունի, ինչը հավելյալ քաշի է հանգեցնում, եւ նիհարելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ կարելի է անել, կամ թեկուզ՝ ո՞ւմ կարելի է դիմել: Ա. Գ.

Արյան մեջ ինսուլինի բարձր բաղադրությունը հաճախ նյութափոխանակությանը վերագրվող համախտանիշի արդյունք է, ինչը կարող է մի շարք այլ ախտանշաններով ուղեկցվել: Մասնավորապես, կանանց պարագայում, իրանի շրջագիծը կարող է 80 սմ-ը գերազանցել, իսկ տղամարդկանց պարագայում՝ 94 սմ-ը:

Զարկերակային հիպերտենզիան, գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության խանգարումը, ճարպակալման որովայնային տիպը եւ ինսուլինի նկատմամբ բարձր դիմադրողականությունը եւս ուղեկից ախտանշաններ են համարվում: Խոսքը բավականին վտանգավոր վիճակի մասին է, որը շաքարախտի առաջացմանն է նախորդում. իսկ այդ հիվանդության լրջության մասին չարժե անգամ խոսել: Ինսուլինի նկատմամբ բարձր դիմադրողականությունը եւ հիպերինսուլինիզմը ախորժակի մեծացման, մեծ ծավալով ածխաջրատների սպառման եւ, որպես արդյունք, ճարպակալման են հանգեցնում:

Այս ամենի հետեւանքով կարող են լուրջ առողջական խնդիրներ ծագել, ներառյալ դաշտանային ցիկլի խախտումները եւ նույնիսկ՝ դադարեցումը, որոշ դեպքերում էլ՝ ինֆարկտն ու ինսուլտը: Վերոհիշյալ բարդություններից խուսափելու, առանց «հացադուլի» եւ անիմաստ՝ ոչ մի արդյունքի չբերող, սննդակարգը սահմանափակող մոնոդիետաների հավելյալ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է հետազոտության ներկայանալ՝ էնդոկրինոլոգ-դիետոլոգի մոտ:

Մասնագետը կարող է, ածխաջրատների եւ ճարպերի փոխանակությանը վերագրվող բոլոր խախտումները վեր հանելով, անհրաժեշտության դեպքում դեղորայքային բուժում նշանակել եւ, հորմոնային ֆոնն ու ողջ էնդրոկրին համակարգը հետազոտելով, առավել հավասարաշռված սննդակարգ կազմել, որի օգնությամբ արյան մեջ ինսուլինի բաղադրությունը նվազեցնելու, ինսուլինի նկատմամբ բարձր դիմադրողականությունը չեզոքացնելու եւ, որպես հետեւանք, ախորժակը զսպելու եւ հավելյալ կիլոգրամներիզ ազատվելու հնարավորություն կընձեռնվի, ինչն էլ, իր հերթին, կարող է հիվանդին շաքարախտի առաջացման հեռանկարից եւ դրա ահարկու հետեւանքներից պաշտպանել: