Ի՞նչ խնդիրներով են կանայք ու տղամարդիկ դիմում պլաստիկ վիրաբույժին: Այս մասին NEWS.am Medicine -ի հետ հարցազրույցում պատմեց Երեւանի Բժշկական համալսարանի պլաստկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը:
Ո՞ր դեպքերում են կանայք դիմում ձեր օգնությանը: Խոսքը գնում է կրծքի եւ կրծքագեղձի վիրահատությունների մասին:
Կանայք մեզ դիմում են երկու տարբեր պատճառներով: Առաջին հերթին, երբ առկա է նորագոյացություն կամ որեւէ բնածին արատ. կրծքագեղձերի անհամաչափություն (Պոլանդի համախտանիշ), որի ժամանակ մի կուրծքը փոքր է մյուսից, ինչպես նաեւ բացակայում են ստորադիր մկանները: Դիմում են նաեւ հետքաղցկեղային վիճակում գտնվող կանայք, երբ մաստէկտոմիայի արդյունքում հեռացվում է մի կուրծքը, եւ երիտասարդ կինը խորագույն հոգեկան դեպրեսիա է ապրում:
Երկրորդ հերթին, կանայք դիմում են ծննդաբերությունից եւ քաշի կտրուկ անկումից հետո, քանի որ վերը նշվածի արդյունքում նրանց մոտ առաջանում է մաստոպտոզ, այսինքն՝ կուրծքը կախվում է: Այդ դեպքում նրանք մեզ դիմում են կրծքագեղձի արտաքին տեսքի վերականգնման նպատակով: Մեր հաճախորդներն են նաեւ փոքր կուրծք ունեցողները, ում մենք կատարում ենք կրծքի աուգմենտացիա (մեծացում): Հաճախ մեզ դիմում են նաեւ մեծ կուրծք ունեցողները այն փոքրացնելու համար, քանի որ նրանց մոտ արտահայտված հսկայություն է:
Եթե կնոջ մոտ առկա են բարորակ նորագոյացություններ՝ լիպոմաներ, ֆիբրոադենոմաներ, ապա վիրահատությունից առաջ նրանք մամոգրաֆիայի եւ սոնոգրաֆիկ հետազոտության կարիք ունեն: Մենք փորձում ենք ուռուցքներն այնպես հեռացնել, որ սպիներ չմնան կամ որ դրանք շատ փոքր լինեն: Բացի այդ, կրծքագեղձի մեծ ուռուցքների դեպքում տարբեր միկրովիրաբուժական կտորների միջոցով մենք կարող ենք անմիջապես վերականգնել դեֆեկտները, այսինքն՝ կրծքագեղձի ուրվագծերը, հատկապես երիտասարդների մոտ:
Իսկ ինչպե՞ս կանայք եւ աղջիկները կարող են հասկանալ, որ կծքագեղձի հետ խնդիրներ ունեն: Արդյոք նրանք ցա՞վ են զգում, գույնի փոփոխություն կամ մեկ այլ բան:
Սկսած11-13 տարեկանից, երբ սկսում է զարգանալ կրծքագեղձը, աղջիկները պետք է շատ ուշադիր լինեն, լոգանքի ժամանակ նրանք կարող են շոշափել կրծքագեղձը, եւ , նրանում որեւէ պնդացման առկայության դեպքում անմիջապես դիմել բժշկի: Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում մենք հիվանդներին ուղարկում ենք ուռուցքաբանի մոտ կամ վիրահատում ենք նրանց հետ համատեղ, քանի որ այս հիվանդության վաղ փուլերի դեպքում հնարավոր է կրծքի հեռացումից հետո անմիջապես վերականգնել այն պլաստիկ վիրաբուժության միջոցով: Ընդ որում ԽՍՀՄ տարածքում, մաստէկտոմիայից հետո կրծքագեղձի վերականգնման առաջին վիրահատությունը 1990-ական թվականներին իրականացրել ենք մենք որովայնային կտորի միջոցով: Վերաստեղծված կուրծքը գրեթե ոչնչով չի տարբերվում իրականից: Այն այնքանով է լավը, որ չկա քաղցկեղի զարգացման ոչ մի վտանգ: Կինը չի կարող կրծքով կերակրել, կուրծքը վերականգնվում է էսթետիկորեն: Այն իրենից ներկայացնում է ճարպ եւ մկան, բայց այնտեղ կրծքագեղձ չկա, քանի որ վերջինիս առկայության դեպքում միշտ առկա է քաղցկեղի զարգացման վտանգը: Ներկայումս կրծքագեղձի վերականգնման համար կիրառվում է հիվանդի որովայնի, կրծքավանդակի կողմնային հատվածների, կոնքերի եւ հետույքի ճարպը: Այս մեթոդը շատ մեծ կիրառություն ունի աշխարհի զարգացած երկրներում, միչնդեռ Հայաստանի ուռուցքաբանները կասկածամտությամբ են վերաբերում այս հարցին: Եթե մեկ տարվա ընթացքում Հայաստանում կատարվում է կրծքագեձի հեռացման 600 վիրահատություն, ապա նրանցից միայն 1-ը կամ 2 են դիմում վիրաբույժի՝ կուրծքը վերականգնելու համար: Տարվա ընթացքում միջինում մեզ դիմում են 5-6 կին, ընդհանուր առմամբ իմ աշխատանքային գործունեության ընթացքում ես վերականգնել եմ մոտավորապես 40 կուրծք, եւ մինչ օրս կրծքագեղձի վերականգնման անհաջող դեպք դեռ չի եղել: Մինչդեռ սա շատ փոքր թիվ է:
Անզգայացման ին՞չ եղանակ է կիրառվում այս վիրահատության ժամանակ:
Հաշվի առնելով կրծքագեղձի վերականգնման վիրահատության ամբողջ լրջությունը՝ կիռավում է ներշնչափողային անզգայացում: Ֆիբրոադենոմայի, կրծքի փոքր ուռուցքների դեպքում, որոնք ավելի հաճախ հանդիպում են 13-ից 25 տարեկան աղջիկների մոտ, կիրառվում է տեղային անզգայացում:
Ինչ վերաբերում է կրծքագեղձերի անհամաչափությանը, ապա դա բնածին ախտաբանություն է: Այս կանանց մոտ պտուկը գտնվում է նորմայից բարձր, կուրծքը ծավալով փոքր է կամ ընդհանրապես բացակայում է: Այս դեպքերում սովորաբար կիրառվում է թորակոդորզալ կտոր (լոսկուտ), այսինքն տեղափոխվում են մեջքի մկանները, որի տակ էլ տեղադրվում է իմպլանտը՝ կրծքի ծավալը եւ ուրվագծերը վերականգնելու համար : Կրծքի մեծացման համար կարող է օգտագործվել որովայնի ճարպը կամ տարբեր իմպլանտներ: Ներկայումс շատ տարածված է կրծքի մեծացումը տարբեր իմպլանտների միջոցով, չնայած ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հասնում վերջիններիս արտադրության տարբեր խախտումների մասին: Ֆրանսիայում, о8инак, սկանդալ էր եղել, քանի որ վիրահատությունների ժամանակ բժշկական իմպլանտների փոխարեն օգտագործվել էր ավելի քան 30 000 տեխնիկական սիլիկոն:
Կրծքագեղձերը մեծացնում են նաեւ կիրառելով սեփական ճարպը: Սրա համար անհրաժեշտ է մի քանի միջամտություն, որից հետո հիասքանչ արդյուքն է ստացվում, նույնիսկ կարելի է ստանալ Ջինա Լոլոբրիջիдայի կուրծքը: Այս մեթոդը վերջերս մեծ տարածում է ստացել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Ի՞նչ տեխնիկա է օգտագործվում վիրահատության ժամանակ:
Օրինակ լիպոսակցիայի ժամանակ մենք օգտագործում ենք հատուկ տեխնիկա, որն օգնում է «վերցնել» ճարպը: Իսկ ճարպի ներարկումը կատարվում է հատուկ ներարկիչի միջոցով: Հաճախ օգտագործվում են որովայնի, հետույքի եւ մեջքի ճարպամկանային կտորներ: Արեոլայի եւ պտուկի վերականգնումը տեխնիկական հարց է եւ դա շատ հեշտ է անել: Ստեղծված պտուկը ոչնչով չի տարբերվում իրականից:
Հայաստանում այս վիրահատություններն ավելի էժա՞ն են, քան Եվրոպայում եւ Ռուսաստանում:
Այո՛, Հայաստանում 3-4 անգամ ավելի էժան են: Ինչ վերաբերում է կրծքի մեծացման վիրահատությանը սեփական ճարպի կիրառմամբ, այն ավելի էժան է, քան սիլիկոնի տեադրումը:
Վիրահատությունից հետո ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի կուրծքը նախկին տեսքը ստանա: Արդյոք անրաժեշտ է լրացուցիչ խնամք վիրահատված կրծքի համար:
Եթե պրոցեսն ընթանում է առանց բարդությունների, արդեն երկու շաբաթից կուրծքը վերականգնվում է: Ինչ վերաբերում է սպիներին, ապա վերջիններս հաճախ պահպանվում են կրծքի վերին եւ ստորին հատվածներում: Սպին պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում, ուղղակի ժամանակի ընթացքում դառնում է ավելի աննկատ: Սովորաբար ենթակրծքային ծալքի եւ արեոլայի հատվածում մնում է Տ-ձեւ սպի: բայց արդյուքները սովորաբար շատ լավն են, եւ հիվանդները գոհ են մնում: Երբեմն կրկնակի վիրահատության կարիք է լինում: Իհարկե ցանկացած կին, տարվա մեջ երկու անգամ, ստուգման նպատակով պետք է այցելի մամոգրաֆիկ կենտրոն: Այս պատճառով վիրահատված կանայք նույնպես այցելում են մասնագետների, իսկ ինչ վերաբերվում է հատուկ խնամքին,ապա պետք է ասել, դրա կարիքը չի լինում:
Մարմնի ուրիշ ո՞ր հատվածներով եք դուք զբաղվում:
Բացի կրծքից մենք նաեւ վիրահատում ենք դեմքը, շուրթերը, կոպերը, քիթը, սեռական շուրթերը եւ այլն, բայց ամենաշատը մենք անում են ռինոպլաստիկա: Բայց քթի պլաստիկա անելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել տվյալ վիրահատության ցուցումները, քանի որ վիրաբույժին երբեմն կարող են դիմել անկայուն հոգեկան վիճակով եւ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ:
50-ից բարձր կանանց կատարվում է կնճիռների հեռացման վիրահատություն, դեմքի եւ պարանոցի մաշկի շրջանաձեւ ձգում ՝ երիտասարդացման նպատակով: Հաճախ ստիպված ենք լինում առնչվել դեմքի մաշկի բազալիոմայի եւ հարթբջջային քաղցկեղի հետ, որոնք մաշկի չարորոկ ուռուցքներ են: Բարձիթողի դեպքերում այս ուռուցքները քայքայում են քիթը, ականջները , ծնոտը, շուրթերը եւ այդ դեպքերում միայն մեր օգնությամբ է հնարավոր լինում փրկել հիվանդին: Դրանք բավականին դժվար վիրահատություններ են, քանի որ երբեմն հիվանդները դիմում են այն ժամանակ, երբ նրանց մոտ արդեն բացակայում է քիթը, ականջը, ծնոտը կամ բերանը: Այս դեպքերում մենք վիրահատում ենք 2-3 փուլով: Մեր նպատակն է օրգանի վերականգնումը:
Ինչ վերաբերում է որովայնի պլաստիկային (աբդոմինոպլաստիկա), ապա այն սովորաբար կատարվում է միջին տարիքի կանանց՝ հղիությունից եւ ծննդաբերությունից հետո՝ որովայնի եւ իրանի ուրվագծերը վերականգնելու, որովայնի առաջային պատը ամրացնելու, ինչպես նաեւ ավելորդ ճարպը հեռացնելու համար: Բացի այս վիրահատություններից, մեզ դիմում են նաեւ երիտասարդ աղջիկներ՝ սեռական շուրթերը փոքրացնելու համար, քանի որ սեռական շրթերի հիպերպլազիան դիսկոմֆորտ է առաջացնում աղջկա մոտ: Պլաստիկայի միջոցով հնարավոր է վերականգնել նրանց արտաքին տեսքը: Մենք նաեւ փոքրացնում ենք հեշտոցի տրամագիծը ծննդաբերությունից հետո:
Հաճախակի դիմում են ազդրերի արտաքին մակերեսին ճարպի ավելցուկ ունեցող կանայք եւ հետույքի արտաքին ուրվագծերը շտկել ցանկացող կանայք: Այս խնդիրը տարածված է հայուհիների եւ կովկասցիների մոտ:
Մենք վերականգնում ենք ամպուտացված վերջույթներ, ձեռքեր, ոտքեր եւ մարմնի այլ մասեր:
Ոչ հազվադեպ մեզ դիմում են տղամարդիկ՝ մազերի փոխպատվաստման համար: Մեր մոտ եղել է նաեւ երեք դեպք, երբ դիմողները տրանսսեքսուալներ էին, բայց Հայաստանում դեռեւս սեռափոխության վիրահատություններ չեն կատարվում: Բայց տղամարդիկ միայն այդ խնդրով չէ որ դիմում են: Մեզ դիմում են նաեւ առնանդամի տաբեր ցավերի պատճառով, ինչպես նաեւ առնանդամը մեծացնելու համար: Իմպոտենցիայի ժամանակ տարբեր իմպլանտներ են կիրառվում: Բարդ խնդիր է առնանդամի վերականգնումը: Նման վիրահատությունների ժամանակ ամենադժվարը միզուկի ստեղծումն է: Առնանդամը կարելի ստեղծել «ըստ պատվերի». ուզածդ մեծության: Եթե տղամարդու մոտ պահպանված են ամորձիները եւ շագանակագեղձը, ապա նրա մոտ պահպանվում է բեղմնավորման հատկությունը:
Կրծքի վերականգնում կրցքագեղձի ուռուցքի կապակցությամբ կրծքի հեռացումից հետո։
Զրուցեց Անի Լիպարիտյանը






