Հորիզոնական, ուղղահայաց, թե՞ շրջանաձեւ խոզականում. ո՞րն է ճիշտը: Իսկ որքա՞ն ժամանակ պետք է գործընթացը տեւի՝ 30 վայրկյա՞ն, թե՝ մեկ րոպեից էլ ավել: Ոմանք էլ կհարցնեն՝ որքա՞ն մածուկ պետք է օգտագործել, կամ արդյո՞ք խոզանակելուց հետո ողողում է պետք:
Ատամների խոզանակումը ամենօրյա գործողություն է հանդիսանում, բայց ամեն անգամ չէ, որ մտածում ենք, թե որն է դրա ճիշտ եղանակը: Իրականությունն այն է, որ հարցի պատասխանը ոչ ոք, նույնիսկ արհեստավարժ ատամնաբույժները չեն կարող տալ: Համենայն դեպս, Լոնդոնի համալսարանական քոլեջի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն են այդ մասին վկայում, հաղորդում է Medical Daily-ն:
Փորձագետները ատամների խոզանակման՝ 10 երկրներում գործող ատամնաբուժարանների եւ մասնագիտական ասոցիացիաների կողմից քարոզվող եղանակներն են համեմատել, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանք մեծ ի մասամբ հակադրություններով են բնութագրվում եւ կարող են այցելուների մոտ շփոթմունքի առաջացման պատճառ դառնալ:
«Հասարակությունը ատամների խոզանակման լավագույն եղանակի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու կարիք ունի: Թե չէ՝ ատամնաբուժական ասոցիացիայից մեկ բան բան են լսում, ատամի մածուկ արտադրող ընկերությունից՝ բոլորովին այլ բան, իսկ երբ ատամնաբույժն է երրորդ կարծիքը հայտնում, շփոթմունք այլեւս կարող է անխուսափելի դառնալ», - նկատել է հետազոտության ղեկավար, ուսումնական հաստատության հանրային ատամնաբուժության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Օբրի Շեյհամը:
Մասնավորապես, հետազոտության շրջանակում, մասնագետների՝ ատամների խոզանակման հաճախականության վերաբերյալ ցուցումներն են տարբեր եղել՝ օրական երկու կամ երեք անգամ: Որոշ դեպքում խորհուրդ են տալիս խոզանակը 45 աստիճան անկյան տակ պահել, որոշներն էլ քարոզում են, թե ուղղահայաց շարժումները հորիզոնականից արդյունավետ են: Ինչ գործընթացի տեւողությանն է վերաբերում, առաջարկվող միջակայքը 2-3 րոպեի շուրջ է տատանվում:
«Ոչ մի ապացույց չկա, որ բարդ շարժումները կարող են պատահական հետագծով խոզանակման նկատմամբ առավել բարձր արդյունավետություն ապահովել», - հեգնել է դոկտոր Շեյհամը՝ հավելելով, որ խոզանակի՝ ատամների հետ մեղմ շփումն, այդուհանդերձ, էական նշանակություն ունի, ուստի 45 աստիճանի տակ հորիզոնական, փափուկ շարժումները, վնասվածքներից խուսափելու տեսանկունից, խոզանակման առավել հարմար տարբերակն են ներկայացնում: Ընդ որում, խոզանակը հարկավոր է գրչի նմանությամբ՝ երկու մատերով բռնել:
Հետազոտության եւս մեկ մասնակից, դոկտոր Ջոն Ուեյնրայթը, խորհուրդ է տալիս խոզանակի շարժումները հատկապես մանրէների նկատմամբ խոցելի հատվածներում՝ կծվացքի մակերեսին եւ լնդերի հետ միացման երկանքով կենտրոնացնել:
Փորձագետների համոզմամբ, գործընթացը մեկ րոպեից երկար պետք է տեւի եւ օրական առնվազն երկու անգամ իրականացվի:






