Աշխարհում հիմա շատերն են Էբոլա հեմոռագիկ տենդին «ամենացավոտ, ամենամահացու եւ ամենաանողորմ» հատկանիշները վերագրում: Ավելին՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայումս Արեւմտյան Աֆրիկայի երկրներում մոլեգնող՝ վեց ամիսների ընթացքում ավելի քան 900 մարդու կյանք խլած համաճարակը միջազգային հանրության համար վտանգավորության ամենաբարձր աստիճանով է գնահատել:
Իրոք՝ ահարկու է հնչում: Բայց երբ ենթատեքստից դուրս ենք նայում:
Բավական է հաշվի առնել, որ Աֆրիկայում ՁԻԱՀ-ից մահացության մակարդակը հազարապատիկ անգամ բարձր է՝ տարեկան այստեղ միլիոնավոր մարդիկ են հիշյալ հիվանդությունից մահանում: Իսկ երկրորդ հորիզոնականում թոքերի ինֆեկցիան է, որի պարագայում եւս զոհերի թիվը, տարեկան կտրվածքով, գրեթե մեկ միլիոնի է հասնում: Մինչ հարյուր հազարավոր զոհերով կարելի է նաեւ մալարիան եւ փորլուծությունը բնութագրել ՝ խոսքն այստեղ գլխավորապես երեխաների մասին է:
Մասնավորապես Միացյալ Նահանգների պարագայում, որտեղ մահացության հիմնական պատճառը սրտի կաթվածն ու քաղցկեղն են համարվում, Էբոլայով վարակման հավանականությունը աննշան փոքր է: Այդ երկրի բնակիչները, աֆրիկյան տարափի մասին սարսափազդու մտքերին տրվելու փոխարեն, պետք է աշնանը սպասվելիք գրիպի համաճարակի դեմ պատվաստանյութ ստանալու մասին մտածեն: Չէ՞ որ այն տարեկան կարող է 24 հազար մարդու մահվան պատճառ դառնալ:
Ստորեւ էբոլայի մասին մտահոգվելու, բայց եւ չվախենալու պատճառներն ենք մատնանշում.
Ինչո՞վ է ահարկու
Նախ, որովհետեւ հեմոռագիկ տենդի դեմ որեւէ բուժամիջոց դեռեւս չի մշակվել: Բացի այդ, հիվանդությամբ վարակվածներին 50 տոկոսից ավելի դեպքերում մահվան ելք է սպառնում: Թեեւ նախորդ համաճարակների ժամանակ ավելի բարձր՝ մինչեւ 90 տոկոս ցուցանիշ է գրանցվել:
Եւ ամենակարեւորը՝ վարակումից մի քանի օր անց ի հայտ եկող ախտանշաններն են սարսափ հարուցում: Թուլությունից, մկանների ցավից եւ տենդից զատ, հիվանդներին փսխում, փորլուծություն, ներքին ու արտաքին՝ գլխավորապես քթից ու աչքերից արյունահոսություն է սպառնում:
Բայց հիվանդության ահարկու հատկանիշները վերը նկարագրվածով չեն սահմանափակվում, քանի որ վիրուսը վարակակիր մարդու օրգանիզմից արտանետված հեղուկ զանգվածների հետ անմիջական շփման արդյունքում, մասնավորապես՝ հիվանդների խնամքով զբաղվող հարազատներին, բուժքույրերին ու բժիշկներին արագ փոխանցվելու հատկություն է դրսեւորում: Իսկ այն տարածքներում, որտեղ հիվանդությունն առավել մոլեգին է գործում, առանց այդ էլ մասնագիտական խնամք իրականացնող անձնակազմի պակաս է զգացվում:
Եվ ի վերջո՝ համաճարակը հաճախ խուճապ է առաջացնում: Տեղացիներից շատերն իրենց հարազատների մահվան մեջ հիվանդների խնամքով զբաղվող օտարերկրացի միսիոներներին են մեղադրում: Եւ ոչ բոլոր հիվանդներն են բուժհաստատությունների օգնությանը դիմում՝ ընկերների ու հարեւանների կողմից «վարակվածի» խարանը չկրելու համար:
Վիրուսից առավել շատ տուժած երկու երկրներում՝ Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում, զինվորական ուժեր են կիրառվում՝ համաճարակի օջախները կարանտինի մեջ պահելու համար, ինչը տեղացիներին լուրջ անհարմարություն է պատճառում:
Իսկ ինչպիսի՞ երկրներում է այն մոլեգնում
Էբոլա հեմոռագիկ տենդի ներկայիս համաճարակը ընթացիկ տարվա մարտ ամսին՝ Գվինեայի տարածքում է սկիզբ առել եւ կարճ ժամանակ անց հարեւան երկրներ՝ Սիերա Լեոնե եւ Լիբերիա ներթափանցել: Վերջերս էլ Նիգերիայի մեգապոլիսներից մեկում՝ Լագոսում էր հիվանդությամբ վարակման մի քանի դեպք ախտորոշվել:
Էբոլան 1976թ.-ին է ծնունդ առել, եւ, նախքան Արեւմտյան Աֆրիկայի վերոհիշյալ երկրներ հասնելը, նախորդ բռնկնումների ընթացքում, 10 աֆրիկյան պետությունների բնակչությանը սարսափի տակ պահել:
Վիրուսի տարածմանը նպաստող պատճառների շարքում են հիվանդության դեմ պայքարի փորձի պակասը, բժշկական անձնակազմի եւ դեղամիջոցների սակավությունը, համատարած աղքատությունն ու քաղաքական անկայունությունը:
Սիերա Լեոնեն դեռեւս չի ապաքինվել մեկ տասնամյակ ձգված քաղաքացիական պատերազմից, որի ընթացքում երեխաներն անգամ զենքը ձեռքին պայքարելու պարտականություն էին ստանձնում: Լիբերիան, որն ազատություն ստացած ամերիկացի ստրուկներն են հիմնադրել, նույնպես քաղաքացիական պատերազմի արհավիրքներն է կրել՝ 1990-ականներին: Իսկ Գվինեայում ժողովրդավարության հաստատմանն ուղղված առաջին փխրուն փորձերն են արվում:
Ինչ վերաբերում է Աֆրիկայի ամենամեծ թվով բնակչությունն ունեցող երկրին՝ Նիգերիային, ապա այստեղ եւս, չնայած նավթի վաճառքներից ստացվող հսկայական եկամուտներին, համատարած աղքատություն է տիրում: Երկրի հյուսիսային շրջաններում էլ իսլամական խմբավորումներն են գլուխ բարձրացրել, որոնք ընթացիկ տարվա ապրիլ ամսին ավելի քան 200 աշակերտուհիների էին առեւանգել եւ հարեւան երկրներում, որպես հարսնացու, վաճառքի հանել: Նրանց դեմ կառավարական զորքերն են գործում:
Ներկայիս համաճարակը դժվար վերահսկելի է նաեւ այն առումով, որ այլեւս ազգային սահմաններն է հատել եւ միաժամանակ՝ քաղաքային բնակչության շուրջ տարածվել:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տնօրեն Թոմ Ֆրիդենի կանխատեսմամբ, առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում վարակվածների թվի նվազագույնը կրկնակի աճ է գրանցվելու: Մինչ այժմ ցունցանիշը շուրջ 1700 է կազմել:
Առողջապահության ոլորտը ներկայացնող միջազգային փորձագետների համոզմամբ, համաճարակի լիարժեք վերահսկման համար լավագույն դեպքում դեռեւս մի քանի ամիս է պահանջվելու:
Ինչո՞ւ չպետք է վախենալ
Էբոլան ավերիչ ազդեցություն է ապահովում այն մարդկանց համար, որոնք վարակվել են հիվանդությամբ: Սակայն դա չի նշանակում, որ այն կարող է անխտիր բոլորին անցնել: Ինչո՞ւ:
Նախ, որովհետեւ վիրուսի փոխանցումն այնքան էլ հեշտ չի իրականացվում, ինչպես, օրինակ, գրիպի վիրուսը կարող է տարածվել: Հեմոռագիկ տենդով վարակման համար առողջ մարդը պետք է հիվանդի օրգանիզմից արտանետված հեղուկ զանգվածների՝ արյան, թքի, քրտնքի կամ մեզի հետ անմիջական շփում ապահովի: Խոսքը, մասնավորապես, ընտանիքի անդամներին է վերաբերում, որոնք, հարազատի խնամքն իրականացնելիս կամ հուղարկավորմանը պատրաստվելիս, կարող են վարակված մարմնի հետ անմիջական շփման մեջ մտնել: Բացի այդ, հիվանդությունը միայն ախտանշանների ի հայտ գալուն պես է վարակիչ դառնում, իսկ դրանք կարող են վարակման դեպքից մինչեւ 21 օր անց դրսեւորվել:
«Այնպես որ, մետրոյում կամ ինքնաթիռում պատահաբար վարակվելու հավանականությունը աննշան փոքր է», - նշել է Ջոնս Հոպկինսի համալսարանի միջազգային առողջության ամբիոնի պրոֆեսոր դոկտոր Ռոբերտ Բլեքը:
Ինչ վերաբերում է զարգացած երկրներին, ապա այստեղ հիվանդության տարածումը կանխարգելող առավել արդյունավետ միջոցառումներ կարող են ձեռնարկվել: Խոսքը, մասնավորապես, հետագծելիություն ապահովող գործընթացների շնորհիվ, հիվանդների բացահայտմանն ու մեկուսացմանն է վերաբերում: Բացի այդ, վարակի տարածման կանխարգելման նպատակով մշակված ընթացակարգերը կարող են հիվանդների խնամքող զբաղվող մասնագետների անվտանգությունն ապահովել: Հարկ է նաեւ նշել, որ նախկինում Էբոլայի բոլոր բռնկումներն ի վերջո վերահսկողության տակ են առնվել:
Իսկ ինչի՞ մասին մտահոգվել
Էբոլայի վտանգավորության աստիճանը չնչին է՝ մի շարք այլ հիվանդությունների հետ համեմատությամբ, որոնք տարեկան կարող են միլիոնավոր մարդկանց կյանք խլել: Խոսքը, մասնավորապես, մալարիայի, մասին է:






