Վայրի ելակը ելակից տարբերվում է ավելի ընդգծված բույրով, վառ եւ քաղցր համով, նրա պտուղներն ավելի փոքր են ու նուրբ, այն դեպքում, երբ ելակն ավելի պինդ է ու թթու։ Ինչո՞վ է օգտակար վայրի ելակը, եւ ե՞րբ այն կարող է վնասակար լինել։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, վայրի ելակը համարվում է ցածր կալորիականությամբ հատապտուղ. 100 գրամ հատապտղի մեջ պարունակվում է ընդամենը 40 կիլոկալորիա։ Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր՝ սննդային մանրաթելեր, PP, А, С վիտամիններ, պղինձ, երկաթ, կալիում, մագնիում, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու, ինչպես նաեւ դաբաղանյութեր, կարոտին եւ պեկտիններ։
Վայրի ելակը հարուստ է նաեւ եթերայուղերով եւ օգտակար թթվանյութերով, սախարոզով եւ գլյուկոզայով։ Դրա մեջ պարունակվող А վիտամինը երիտասարդացնում է մաշկը եւ ընդհանրապես օրգանիզմը։ C վիտամինը օգնում է ամրացնել իմունիտետը։ B9 վիտամինը եւ երկաթը կանխում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումն ու զարգացումը։ Վայրի ելակը կարգավորում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը, վերացնում աղիքային սպազմը, բացում ախորժակը եւ անգամ նպաստում վերքերի արագ ապաքինմանը։
Սննդաբան Յուլիա Իսաեւան ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում նշել է, որ վայրի ելակի պտուղների թարմ քամված հյութը հիանալի միջոց է երիկամներից եւ լեղապարկից քարերը դուրս մղելու համար, իսկ վայրի ելակով թեյը ունի վառ արտահայտված միզամուղ էֆեկտ։
Կարծիք կա նաեւ, որ վայրի ելակի չորացված հատապտուղներից պատրաստված թուրմերը օգնում են քնի հետ կապված խնդիրներում, բարելավում են ստամոքսի աշխատանքը, մաքրում լյարդը, վերացնում կոկորդի ցավերը եւ թեթեւացնում հազը։
Սակայն վայրի ելակը պետք է օգտագործել չափավոր, այլապես պտուղը կարող է առաջ բերել ալերգիա կամ մարսողության խանգարում։ Բացի այդ, այն խորհուրդ չի տրվում ուտել երկրորդ տեսակի դիաբետի ժամանակ պարունակության մեջ մեծ քանակությամբ շաքարի պատճառով։
Վայրի ելակից պետք է հրաժարվեն նաեւ գաստրիտ եւ ստամոքսի խոց ունեցող պացիենտները, քանի որ այն պարունակում է թթուներ, որոնք կարող են բորբոքել ստամոքսի լորձաթաղանթը։






