Ենթամիզուկային ժապավենի տեղադրումը կօգնի կանանց անմիզապահության ժամանակ, եւ այսպսի խնդրի առաջացման դեպքում պետք է դիմել ուրոլոգի, այլ ոչ թե գինեկոլոգի, քանի որ անմիզապահությունը ուրոլոգիայի ուսումնասիրման առարկան է, պնդում է «Երեւան» ԲԿ ուրոլոգիական ծառայության ղեկավար Վահագն Աշուղյանը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկը նշեց, որ կանանց մոտ անմիզապահությունը լինում է երկու տեսակի՝ սթրեսային եւ ուրգենտ կամ իմպերատիվ:

«Ուրգենտ անմիզապահությունը ունի նյարդաբանական ծագում, կապված է կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի հետ, ուղեկցվում է այլ հիվանդություններով: Այս վիճակը կապված է միզապարկի ակամա, չղեկավարվող կծկումների հետ: Սթրեսային անմիզապահությունը պայմանավորված  է կոնքի հատակի փոփոխություններով, կոնքի հատակի կապանայաին համակարգի, միզուկի գերշարժունությամբ, միզուկի ներքին անբավարարությամբ եւ դրսեւորվում է այն վիճակներում, որոնք մենք անվանում ենք սթրեսային ուրոլոգիայի մեջ: Դրանք այն վիճակներն են, որոնք բերում են ներորովայնային ճնշման բարձրացման՝ մարմնի դիրքի փոփոխություն, փռշտոց, ծանրության բարձրացում, ծիծաղ: Այս ամենը հանգեցնում է ակամա միզարձակման: Եթե առաջին դեպքում ուրոլոգիան նախատեսում է պահպանողական բուժում, ապա երկրորդ դեպքում բուժումը հիմնականում վիրահատական է:  

«Իհարկե կան նաեւ ֆիզիոթերապեւտիկ միջոցառումներ, ֆիզիկական վարժություններ եւ այլն: Կան տարբեր տրամագծով ու քաշով հատուկ գնդեր, որոնք կիրառվում են բուժական նպատակներով՝ կոնքի հատակի մկանները ամրապնդելու համար»,- ասաց բժիշկը: Մինչդեռ հիմնական բուժումն այս դեպքում վիրահատական է՝ այն է    ենթամիզուկային (ենթաուրետրալ) ժապավենների տեղադրումը, այսպես կոչված TVT եւ TOT միջամտությունները։

«Բայց մեզ մոտ կանայք հիմնականում դիմում են գինեկոլոգների, իսկ նրանք, քանի որ սթրեսային անմիզապահությունը հաճախ զուգակցվում է հեշտոցի առաջային պատի իջեցմամբ, կատարում են իրենց դասական կոլպոռաֆիան: Որոշակի դեպքերում այս միջամտությունն արդյունավետ է լինում, բայց հիմնականում ՝ ո՛չ, քանի որ հեշտոցի առաջային պատի իջեցումը եւ ցիստոցելեն (միզապարկի իջեցում) պաթոգենետիկ տեսանկայունից անուղղակիորեն են կապված անմիզապահության հետ», - ասաց նա:

Ըստ բժշկի, անմիզապահությունը կարող է կապված լինել ծանր ծննդաբերությունների, մարմնակառուցվածքի, կնոջ կոնքի շրջանին վերաբերող այլ հիվանդությունների եւ ֆիզիկական ակտիվության հետ:

«Սա բուժվող հիվանդություն է, ընդ որում շատ արդյունավետ: Վիրահատությունները քիչ ինվազիվ են, կատարվում են ամբուլատոր եւ ավարտից հետո կինը գրեթե անմիջապես սկսում է զգալ , որ կարողանում է պահել մեզը»,- նշեց նա:

Խոսելով այս միջամտության գնի մասին՝ բժիշկն ասաց, որ վիրահատությունն ինքը թանկ չէ, թանկ են ժապավենները: Մինչդեռ այս վիրահատությունների քիչ տարածվածությունը Հայաստանում, ըստ նրա, պայմանավորված է ոչ թե բարձր գնով, այլ քիչ տեղեկացվածությամբ: «Ես ուղղակի վստահ եմ, որ նման խնդիր ունեցող կանայք չգիտեն ոչ այս վիրահատության, ոչ էլ դրա գնի մասին: Նրանք ուղղակի չեն ուզում դիմել  բժշկի եւ վերջ»,- նշեց Վ.Աշուղյանը, ավելացնելով, որ այս  հարցում կարեւոր դեր է խաղում նաեւ ամոթը:

Կանանց մեծամասնությունը  տառապում է այս հիվանդությամբ տարեց հասակում՝ 50-55 տարեկանից բարձր: