Արեւապաշտպան քսուքներ ընտրելու ժամանակ մարդկանց մեծ մասը ուշադրություն է դարձնում միայն SPF-ի կողքի թվի վրա։ Բայց իրականում շատ ավելի կարեւոր է քսուքի բաղադրությունը եւ այն, թե ինչ զտիչներ են դրանում օգտագործվել՝ ֆիզիկակա՞ն, թե՞ քիմիական։
Փորձենք պարզել, թե ինչ են դրանք։
Ֆիզիկական զտիչներ
Ժամանակակից արեւապաշտպան քսուքներում օգտագործում են երկու ֆիզիկական զտիչ՝ ցինկի օքսիդ եւ տիտանի երկօքսիդ։ Ցանկալի է, որ քսուքի մեջ լինեն երկու զտիչներն էլ, չէ՞ որ դրանք այդ կերպ կապահովեն ավելի արդյունավետ պաշտպանություն։ Միայն մեկ զտիչով քսուքը պակաս արդյունավետ է։
Քիմիական զտիչներ
Քիմիական զտիչները շատ ավելին են, քան ֆիզիկականները, եւ բոլորը չես թվարկի։ Դրանց թվում կան այնպիսի զտիչներ, ինչպիսին են ավոբենզինը, մեքսորիլը, տինոսորբը, օկտոկրիլենը, օկտինոկսատը, օկտիսալատը, հոմոսալատը, օքսիբենզոնը եւ այլն։ Խնդիրն այն է, որ դրանք բոլորը չէ, որ անվտանգ են, եւ վերջին ժամանակներս ավելի ու ավելի շատ հետազոտություններ են բացահայտում այս կամ այն զտիչի հետ կապված խնդիրները։
Ո՞րն է ֆիզիկական եւ քիմիական զտիչների տարբերությունը։
Ֆիզիկական եւ քիմիական զտիչները տարբեր կերպ են պաշտպանում արեւից։ Ցինկի օքսիդը եւ տիտանի երկօքսիդը աշխատում են հայելու նման. դրանք մաշկի վրա ստեղծում են բարակ շերտ, որն անդրադարձում եւ ցրում է արեւի ճառագայթները։ Այդ նյութերին ժամանակ պետք չէ, որպեսզի ներծծվեն մաշկի մեջ, ուստի այդպիսի զտիչներ ունեցող քսուքը քսելուց հետո կարելի է անմիջապես փողոց դուրս գալ եւ չվախենալ այրվելուց։
Մյուս կողմից՝ ֆիզիկական զտիչները հեշտ են մաքրվում սրբիչով, վախենում են ջրից եւ առատ քրտինքից, ուստի յուրաքանչյուր լողանալուց հետո քսուքի շերտը պետք է թարմացնել։
20-30 րոպե կպահանջվի, որպեսզի քիմիական զտիչները ներծծվեն մաշկի մեջ։ Այնտեղ տեղի է ունենում քիմիական ռեակցիա. ուլտրամանուշակագույնը կլանվում է, արտազատվում է ջերմություն։ Ուստի քիմիական զտիչներով քսուքներ օգտագործելիս կարող է մի փոքր, բայց ոչ կրիտիկական, բարձրանալ ջերմությունը։
Քիմիական զտիչներն այնքան զգայուն չեն ջրի եւ մեխանիկական ներգործությունների հանդեպ, բայց դրանք պարունակող քսուքը նույնպես պետք է նորից քսել ամեն 2 ժամը մեկ, քանի որ ուլտրամանուշակագույնը կլանող մասնիկները աստիճանաբար չեզոքանում են եւ քսուքի արդյունավետությունն սկսում է նվազել։
Ո՞ր զտիչներն են նախընտրելի
Ֆիզիկական զտիչներն այսօր համարվում են ընդհանուր առմամբ ավելի անվտանգ քիմիականներից։ Բայց կարեւոր է հաշվի առնել այդ զտիչների մասնիկների չափսերը։ Բանն այն է, որ հիմա գոյություն ունեն միջոցներ, որոնցում օգտագործվում են ցինկի օքսիդի եւ տիտանի երկօքսիդի նանոմասնիկներ, որոնք փոքր չափսերի շնորհիվ կարող են թափանցել մաշկի բջիջներ։ Վտանգավոր է դա, թե ոչ՝ առայժմ հայտնի չէ։ Բայց մասնագետներից ոմանք խորհուրդ են տալիս համենայնդեպս գնել նանոմասնիկներ չպարունակող քսուքներ։ Իհարկե, արտադրողները պարտավոր չեն նշել իրենց քսուքների վրա զտիչների մոլեկուլների չափսերը։
Բացի այդ, ֆիզիկական զտիչներով քսուքները կարող են գերծանրաբեռնել մաշկի եղջերաշերտը եւ անգամ նպաստել ազատ ռադիկալների արտազատմանը։
Ինչ վերաբերում է քիմիական զտիչներին, խուսափեք այն քսուքներից, որոնց բաղադրության մեջ մտնում են այնպիսի զտիչներ, որոնց վերաբերյալ արդեն կան ցածր արդյունավետության կամ լուրջ կողմնակի ազդեցությունների մասին տվյալներ։ Այդպիսին են Benzophenone-3-ը (Oxybenzone), Benzophenone-4-ը, PABA-ն, Butyl Methoxydibenzoylmethane-ը (Аvobenzone) եւ այլն։ Եթե քսուքի մեջ կա անգամ մեկը նշված զտիչներից, ավելի լավ է այն չգնել։
Կայուն եւ անվտանգ զտիչներից է, օրինակ, Tinosorb S-ը (Bis-Ethylhexyloxyphenol Methoxyphenyl Triazine)։






