Ականջներում ծծմբի կուտակումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ լսողության վատթարացման եւ ցավային զգացողությունների: Սակայն այնքան էլ հեշտ չէ ականջները ճիշտ մաքրելը, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Բժիշկ Դեբորա Լին պարզաբանել է՝ ինչպես դա ճիշտ անել:

Բամբակյա ձողիկները հայտնաբերվել են 1920-ական թվականներին որպես մանկական հիգիենայի միջոց: Այսօր բամբակյա ձողիկներն օգտագործվում են ականջները մաքրելու, թարթիչների թափված ներկը կամ եղունգների լղոզված լաքը հեռացնելու համար:

Սակայն բժիշկներն ընդգծում են, որ ականջներից ծծումբը հեռացնելու համար ձողիկների օգտագործումն անվտանգ չէ:

Բժիշկ Լին նշում է, որ բամբակյա ձողիկներով ականջները մաքրելը վատ միտք է: Առհասարակ ականջները չունեն մաքրելու կարիք. դրանք պետք է ինքնուրույն ազատվեն ծծմբի ավելցուկներից:

«Ականջների ծծումբը մաշկային ճարպի եւ մաշկի մահացած բջիջների համադրություն է, որն առանձնացվում է ականջում: Այն օգնում է պաշտպանել ականջը բակտերիաներից ու վիրուսներից»,-նշել է բժիշկ Լին:

Սովորաբար ականջների ծծումբը հեռացվում է բնական կերպով, եւ մարդը, ըստ ամենայնի, դա անգամ չի նկատում: Երբ մարդը խոսում է, ուտում եւ ծամում, ծնոտի մկանները մեղմորեն դուրս են մղում ծծումբը: Դրա փոքր մասը մաքրվում է լոգանք ընդունելիս եւ լվացվելիս:

Ի՞նչ անել, եթե ականջների ծծումբը չափազանց շատ է:

Այդ խնդիրը հաճախակի հանդիպում է ականջների նեղ փողեր ունեցող մարդկանց շրջանում, մազերի մեծ քանակության եւ ականջալարեր կամ լսողական սարքեր մշտապես օգտագործելու դեպքում:

Այդ դեպքում բժիշկ Լին խորհուրդ է տալիս դիմել բժշկի, քանի որ ծծմբի ինքնուրույն հեռացման փորձերը կարող են հանգեցնել թմբկաթաղանթի վնասմանը: