Սուրճը կարող է թեթեւացնել քաղցկեղով հիվանդների ախտանիշները: Նման կարծիք է հայտնել ուռուցքաբան Ալեքսանդր Սերյակովը (Ռուսաստան):
Ինչպես գրել է «Իզվեստիա»-ն, խոսքը միայն կոֆեին պարունակող բնական սուրճի մասին է: Մասնագետը հիշել է վերջերս ԱՄՆ-ի Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի գիտական հայտնագործությունը, որի ընթացքում բացահայտվել է, որ սուրճը դրական է ազդում ուշադրության, հիշողության, աշխատանքի էֆեկտիվության բարձրացման եւ կյանքի տեւողության վրա:
«Սուրճը բարելավում է մարդու տոնուսը, մարդու էմոցիոնալ վիճակը՝ կանխելով որոշ հիվանդությունների զարգացումը, այդ թվում՝ քաղցկեղի դեմ պայքարը», - ասել է Սերյակովը:
Փորձագետներն ուսումնասիրել են 50-71 տարեկան 450.000 հիվանդի տվյալներ: Տեղեկություն հավաքելու պահին նրանք քաղցկեղով հիվանդ չեն եղել, եւ գիտնականները նրանց վիճակը վերահսկել են 10 տարի: Այս ընթացքում մելանոմայով հիվանդացել է մոտ 3000 մարդ: Փորձաքննությունների արդյունքներն ուսումնասիրելուց հետո փորձագետները եկել են այն եզրակացության, որ սուրճի շատ օգտագործումը նվազեցնում է մելանոմայի զարգացման հավանականությունը: Օրական 4 կամ ավելի բաժակ խմելը նվազեցնում է այս հիվանդության զարգացման ռիսկը 20 տոկոսով:






