Սնունդը կարող է ինչպես խանգարել քունը, այնպես էլ բարելավել դրա որակը, կարծում է սննդաբան Լոլա Բիգսը (Մեծ Բրիտանիա): Daily Express թերթը ներկայացրել է փորձագետի խորհուրդները:

Մթերքները, փորձագետի կարծիքով, կարող են ազդել ցիրկադային ռիթմերի` ցերեկվա եւ գիշերվա հերթագայության հետ կապված կենսաբանական գործընթացների ինտենսիվության տատանումների վրա: Քանի որ դրանք կարգավորվում են մելատոնին հորմոնով, որը սինթեզվում է տրիպտոֆան ամինաթթվից, տրիպտոֆանով մթերքներ ուտելը օգնում է ավելի լավ քնել: Բիգսը որպես այս նյութի հիմնական աղբյուր նշում է հավի միսը: Այն պարունակվում է նաեւ քունջութի, վարսակի եւ կաթի մեջ:

Մելատոնինի սինթեզի վրա ազդում է ոչ միայն տրիպտոֆանը, այլեւ օմեգա-3 չհագեցած ճարպաթթուները: Դրանց պաշարները համալրելու համար մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել ճարպոտ ձուկ, օրինակ՝ սարդինա, անչոուսներ, սկումբրիա եւ սաղմոն: Իսկ երեկոյան, ըստ դիետոլոգի, պետք է ընկուզեղեն կրծել, հատկապես նուշ ու պիստակ, եւ ուտել թարմ բալ կամ կեռաս, որոնք, ըստ Բիգսի, հայտնի են քնի վրա դրական ազդեցությամբ: