Վարակիչ հիվանդության տարածումը կանխարգելելու համար բնակչության որոշ մասը պետք է դրա դեռ իմունիտետ ձեռք բերի, օրինակ, պատվաստման միջոցով: Կորոնավիրուսի դեպքում պատվաստվածների թիվը դեռ բավական չէ՝ վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում արտահայտեց ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը:
Նրա խոսքով, COVID-19-ից մահացությունը վերջին ամիսներին աճել է, հիվանդության ընթացքը ծանրացել է, վարակվողների տարիքը երիտասարդացել է: Նախորդ տարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չկար, եւ կոլեկտիվ իմունիտետ ձեւավորելու մասին դեռ խոսք էլ գնալ չէր կարող, իսկ այս տարի պատվաստումների քանակը դեռ չի հասել այն շեմին, որը, մասնագետի խոսքով, զգալի փոփոխություն կբերի ազգաբնակչության մակարդակով: Ինչպես նշեց ալերգոլոգ-իմունոլոգը, պատվաստումները դեռ անհատական պաշտպանության մակարդակում են աշխատում, այսինքն, պաշտպանում են հենց պատվաստված մարդուն, բայց չեն ձեւավորում կոլեկտիվ իմունիտետ:
Մասնագետի խոսքով, վարակման գործակից կոչվածից է կախված բնակչության այն տոկոսը, որը պետք է պատվաստվի՝ կոլեկտիվ իմունիտետ ապահովելու համար: Կորոնավիրուսի դեպքում հաշվարկված է, որ թիրախային բնակչության մոտ 70 տոկոսը պետք է պատվաստված լինի, որ վիրուսի տարածումը դանդաղի: Սակայն Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է բնակչության մոտ 21.8 տոկոսը, իսկ երկու դեղաչափ ստացել է բնակչության մոտ 9.4 տոկոսը: Սա, իհարկե, շատ ցածր ցուցանիշ է, որ սպասենք արդյունքի, նշեց մասնագետը:






