Որոշ մարդիկ, իրենց մոտ կորոնավիրուսային վարակ կասկածելով, սկսում են «ամեն դեպքում» հակակոագուլանտներ եւ ստերոիդներ ընդունել։ Նման մոտեցումը հղի է բազմաթիվ վտանգներով, նշել է ռեանիմատոլոգ Եվգենի Պինելիսը (Նյու Յորք):
Medportal.ru-ի փոխանցմամբ, COVID-19-ի բուժման միջանկյալ առաջարկությունների համաձայն, հակակագուլանտներ կարող են նշանակվել միջին ծանրության COVID-19-ով եւ թրոմբոզի բարձր ռիսկով հիվանդներին՝ խորը երակային թրոմբոզի եւ թոքային էմբոլիայի կանխարգելման համար: Ռիսկի գործոնների թվում են չարորակ ուռուցքները, թրոմբոֆիլիան, 70 տարեկանից բարձր տարիքը, շնչառական անբավարարությունը, փոխարինող հորմոնալ թերապիան եւ այլն: Քանի որ հակակոագուլանտները կարող են վտանգավոր կողմնակի ազդեցություններ ունենալ, այդ թվում՝ կյանքին սպառնացող արյունահոսություն, գայդլայնների մեծ մասը խորհուրդ է տալիս դրանք մեծ զգուշությամբ օգտագործել:
Եվգենի Պինելիսի խոսքով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի բուժման ժամանակ հակակոագուլանտների օգտագործման նպատակահարմարության հարցը շատ ուշադիր է քննվել, քանի որ ցանկացած համակարգային բորբոքում կարող է մեծացնել արյան մակարդումը։ Հիվանդների բոլոր խմբերում վերլուծությունը ցույց է տվել, որ վարակի թեթեւ ընթացք ունեցող մարդիկ՝ առանց շնչառական անբավարարության նշանների եւ առանց թրոմբոզի վտանգի, հակակոագուլյանտները ոչ մի օգուտ չեն տալիս:
Հակակագուլյանտներ չեն պահանջվում նաեւ թոքերի արհետսական օդափոխության սարքին միացված հիվանդներին: Այս դեղամիջոցներն էական ազդեցություն չեն ունենում, սակայն արյունահոսության վտանգը մի քանի անգամ մեծանում է։
Հիվանդների միակ խումբը, ում հակակոագուլյանտներն օգուտ են տալիս, միջին եւ ծանր ընթացքով հիվանդներն են: Եթե նրանց մոտ շնչառական անբավարարություն է առաջանում, հեպարինը կարող է նվազեցնել վատթարացման վտանգը եւ թոքերի արհետսական սարքին միացնելու հավանականությունը:
«Այս հարցում իմ անձնական կարծիքն այն է, որ առանց ցուցումների եւ բժշկի նշանակման հակակոագուլյանտներ ընդունել չարժե։ Դրանք շատ բարձր ռիսկային դեղամիջոցներ են, եւ արյունահոսության հավանականությունը զգալի է նույնիսկ առանց որեւէ ուղեկցող հիվանդությունների: Առավել եւս, էլիքվիսը եւ կլեքսանն արտազատվում են երիկամներով, եւ պետք է հստակ իմանալ, թե ինչպես են աշխատում նյութափոխանակության համար անհրաժեշտ ձեր օրգանները»,- ասել է մասնագետը։
Ինչ վերաբերում է ստերոիդներին, ապա համարվում է, որ դեքսամետազոնը նվազեցնում է մահացությունը կորոնավիրուսով հիվանդների մոտ, որոնք թթվածնային աջակցություն կամ թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեն, ուստի եւ լայնորեն օգտագործվում է ամբողջ աշխարհի կորոնավիրուսային հիվանդանոցներում:
Սակայն չի կարելի դեքսամետազոն ընդունել տնային պայմաններում, իբր՝ «թոքաբորբի եւ ցիտոկինային փոթորկի կանխարգելման համար»: Եվգենի Պինելիսը պնդում է, որ որեւէ հիմք չկա ենթադրելու, որ ստերոիդները կարող են որեւէ օգուտ տալ հիվանդներին, ում մոտ շնչառական անբավարարության նշաններ չկան:
«Ստերոիդային թերապիան բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունի, այդ թվում՝ շաքարախտը, եւ այն կարելի է ներառել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Առանց շաքարախտի առողջ մարդու մոտ դեքսամետազոնի փոքր դեղաչափերն էական վնաս չեն պատճառի, բայց ես ստերոիդային փսիխոզ եմ տեսել դեմենցիայով հիվանդների մոտ՝ նույնիսկ դեղամիջոցի փոքր դեղաչափով»,- ասել է մասնագետը։






