Հարավային Քալիֆորնիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ ռոբոտները կարող են օգտակար լինել աուտիստիկ սպեկտրալ խանգարումներ ունեցող երեխաներին՝ նոր հմտություններ ձեռք բերելու եւ սոցիալական վարքը բարելավելու հարցում: Նրանք խելացի մեքենաներին նմանակելու եւ արդյունքում՝ վարքագծի նոր մոդելներ յուրացնելու հակում են դրսեւորում: Իսկ ռոբոտները կարող են, հատուկ հուշումների օգնությամբ, ուղղություն տալ նրանց, հաղորդում է Psych Central-ը:
Գիտահետազոտական խմբի անդամները համոզմունք ունեն, որ ռոբոտոտեխնիկան կարող է բազմաթիվ՝ այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդությամբ եւ աուտիստիկ սպեկտրալ խանգարումներով տառապող մարդկանց օգտակար լինել: Ընթացիկ հետազոտության շրջանում նրանք պարզել են, թե ինչպես են աուտիստիկ սպեկտրալ խանգարումներով ախտորոշված երեխաները վարքագծի ձեւավորման համար անհրաժեշտ տեխնիկա ցուցադրող մարդանման ռոբոտների գործողություններին արձագանքում: Հիշյալ տեխնիկան նոր կամ կորսված հմտությունների ձեռքբերմանը միտված կոնկրետ հուշումների աստիճանական ներդրում է ենթադրում:
Գիտնականները բարձր գործառնական աուտիզմով տառապող 12 երեխաների շրջանում հատուկ փորձարկում են նախաձեռնել: Վերջիններս երկու՝ փորձարարական եւ համեմատական խմբերի են բաժանվել՝ ռոբոտի առաջարկած՝ ձեռքերի 25 դիրքերը կրկնօրինակելու համար: Դիրքի ճիշտ վերարտադրման պարագայում մեքենայի աչքերի մեջ կանաչ լույս է վառվել, իսկ ինքը՝ ռոբոտը, գլխով է արել եւ ասել՝ շատ ապրես:
Համեմատական խմբերում ներառված երեխաների կողմից հանձնարարության սխալ կատարման պարագայում մեքենան պարզապես կրկնել է հրահանգը՝ առանց որեւէ փոփոխության: Իսկ ահա փորձարարական խմբի անդամների դեպքում այն տարբեր հուշումներ է առաջարկել՝ սկզիբից առանձին բառ-ազդանշանների, այնուհետեւ էլ՝ առավել կոնկրետ ցուցումների եւ դիրքի կրկնակի ցուցադրման տեսքով:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ռոբոտներից հուշումներ ստացած երեխաների մոտ կրկնօրինակման հմտության նշանակալի բարելավում է նկատվում: Իսկ համեմատական խմբում ներառված երեխաների պարագայում արդյունքները նույնն են մնացել կամ առավել վատթար վիճակի հասել: Բացի այդ, հաստատվել է, որ ռոբոտները կարող են լավ օգնական դառնալ՝ նմանատիպ երեխաների համար:
Գիտնականները վստահ են, որ կայացված եզրահանգումները ամենօրյա գործունեության վրա տարածվելու միտում ունեն: Ռոբոտի օգնությամբ երեխան կարող է հասակակիցների խաղին հետեւելով եւ նրանց գործողությունները նմանակելով՝ խաղի մասնակիցը դառնալ: Գիտահետազոտական խմբի անդամները հույս են հայտնել, որ առաջիկա 10 տարիներ ընթացքում աուտիստիկ սպեկտրալ խանգարումներ ունեցող բոլոր երեխաներին սեփական ռոբոտն ունենալու հնարավորություն կընձեռվի՝ ամենօրյա խնդիրները լուծելու եւ շրջակա միջավայրի հետ փոխգործակցելու համար:






