Վերջին տարիներին հայաստանցիները սկսել են ավելի հաճախ սեքսապաթոլոգի օգնությանը դիմել: Աճել է նաեւ մարզերից դիմողների թիվը: Այս մասին լրագրողներին, այսօր՝ սեպտեմբերի 4–ին՝ սեռական առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ, սեքսապաթոլոգներ Արամ Հակոբյանը ու Ռուզաննա Ազատյանն են պատմել:

ՀՀ ԱՆ գլխավոր սեքսապաթոլոգ, պրոֆեսոր Արամ Հակոբյանի խոսքով՝ սեռական առողջության մասին տեղեկությունների տարածման շնորհիվ հասարակության լայն շերտերի մոտ փոխվել է վերաբերմունքը սեռականության, սեռային վարքի եւ սեռավարակների հանդեպ: Գուցե հենց դա է պատճառը, որ հայաստանցիներն առավել ուշադիր են դարձել՝ իրենց սեռական առողջության նկատմամբ:

Օրինակ, ժամանակին, սեքսապաթոլոգի խոսքով, կանանց սեռական խնդիրները (բացի անպտղությունից) անտեսվում էին հասարակության կողմից, իսկ սեռական վարքի դրսեւորումները՝ ամոթալի համարվում: Վերջին 6-7 տարիների ընթացքում մարդկանց վերաբերմունքը կանացի խնդիրների նկատմամբ փոխվել է, եւ կանայք սկսել են ավելի հաճախ մասնագետի օգնութանը դիմել, ընդ որում, բարձրացնելով խնդիրներ, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր արտահայտվում:

«Սեքսուալ առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպության տնօրեն Ռուզաննա Ազատյանն իր հերթին նշել է, որ միայն կանանց եւ տղամարդկանց, այլեւ՝ զույգերի եւ նույնիսկ դեռահասների դիմելիության մակարդակն է փոխվել: Ամուսնական զույգերը, որպես կանոն, սեռական աններդաշնակության հետ կապված խնդիրներն են առաջ քաշում, որոնց պատճառները տարբեր կարող են լինել՝ տղամարդկանց սեռական թուլությունը, վաղաժամ սերմնաժայթքումը, ցավային խանգարումները, հեշտանքի բացակայությունը եւ այլն:

Ինչ վերաբերվում է դեռահասներին, նրանց ծնողները, Ռուզաննա Ազատյանի խոսքով, վերջին տարիներին ավելի ուշադիր են դարձել եւ սկսել են սեքսապաթոլոգի օգնությանը դիմել, եթե երեխաների մոտ տարատեսակ՝ ֆիզիկական, հոգեկան կամ վարքագծային խանգարումներ են նկատվում:

Սեքսապաթոլոգը նշել է, որ վերջին տարիներին մարզերի բնակիչները եւս սկսել են առավել հաճախ մասնագետի օգնությանը դիմել: Ավելին՝ իրենց կլինիկայի այցելուների մոտ 40 տոկոսը մարզերից կամ նույնիսկ՝ հեռավոր գյուղերից են ժամանում: