Այսօր սեռական առողջության համաշխարհային օրն է, եւ տրամաբանական հարց է ծագում, թե ինչ է իրականում նշականում «սեռական առողջություն» եւ ով կարող է համարվել սեռականապես առողջ մարդ:

Ինչպես սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը պատմել է լրագրողներին, սեռական առողջությունը մարդու առողջության բաղկացուցիչ մասն է, անձի՝ սեքսուալության, մարմնական, հոգեկան եւ սոցիալական բարորությունը: Նրա խոսքով՝ սեռական խնդիրների բացակայությունը դեռ բավական չէ՝ սեռականապես առողջ մարդ համարվելու համար: Սեռական առողջությունն անհատին ապահովում է լիարժեք հոգեհուզական կենսագործունեությամբ, որը հնարավորություն է տալիս պատճառել եւ ստանալ հաճույք:

Այսինքն, սեռականապես առողջ է այն մարդը, ով ընդունակ է սիրել, հաճույք պատճառել եւ հաճույք ստանալ:

Այդ ամենի համար անհրաժեշտ են ճիշտ սեռական ինքնագիտակցություն, սեռադերային ճիշտ վարք եւ սեռական կողմնորոշում (ի դեպ, կարեւոր չէ, թե կոնկրետ ինչ կողմնորոշում. եթե մարդը գոհ է իր կողմնորոշմամբ եւ ոչ մի խնդիր չունի դրա պատճառով, նա կարող է սեռականապես առողջ համարվել): Եւ բնականաբար մեծ է նաեւ ֆիզիկական առողջության եւ սեռավարակների ու տարատեսակ այլ խնդիրների բացակայության դերը:

Ինչպե՞ս է կարելի պահպանել սեռական առողջությունը:

Սեւադա Հակոբյանի խոսքով՝ սեռական առողջության պահպանման գործում մեծ դեր են խաղում թե մարմնական գործոնները (սեռական օրգանների արյունամատակարարումը, ճիշտ կենսագործունեությունը, հորմոնները, մի խոսքով, ֆիզիկական առողջությունը), թե հոգեբանական եւ սոցիալական գործոններն ու խնդիրները: Սեռականությունը այն եզակի ոլորտներից է, որոնց վրա սոցիալական խնդիրները կարող են մեծ ազդեցություն ունենալ, այդ պատճառով, առողջ սեռական կյանքով ապրելու համար նման խնդիրներից հնարավորինս զերծ մնալը նույնպես շատ կարեւոր է: